Վաշինգտոնում գործող Մերձավոր Արևելքի ինստիտուտում օրերս կայացած քննարկմանը վերլուծաբաններն անդրադարձել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին ու Ադրբեջանի էներգետիկ ոլորտի զարգացումներին, ինչպես նաև, թե ԱՄՆ-ն ինչ դերակատարություն ունի նշված ուղղություններում։
Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններն այսօր, ցավոք, փակուղում են մի շարք խնդիրների պատճառով՝ Կովկասում խաղաղության շուրջ բանակցությունների և գլոբալ էներգետիկ զարգացումների վերաբերյալ ծավալված քննարկմանը, որը կազմակերպել էր Վաշինգտոնում գործող Մերձավոր Արևելքի ինստիտուտում (MEI), կարծիք է հայտնել նույն հաստատության հետազոտող Օմեր Նիյազին։
Միջոցառման բանախոսն առանձնացրեց երեք խնդիր՝ Ադրբեջանի պահանջը փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրությունում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը, որն, ըստ վերլուծաբանի, առավել կարևոր խնդիրներից է, ինչպես նաև սահմանազատման ու սահմանագծման հետ կապված զարգացումները:
«[Հայաստանի ու Ադրբեջանի միջև] խաղաղության փաթեթը ներառում է 13 կետեր, որոնց շուրջ կողմերը եկել են համաձայնության, և մնացած 3-4 կետեր, որոնց շուրջ, կարծես, համաձայնություն չկա: Ենթադրում եմ, որ դրանք կարող են վերաբերել հենց այն խնդիրներին, որոնց վերաբերյալ ունեն տարաձայնություններ»,- ասաց Նիյազին:
Հետազոտղի կարծիքով՝ 2020 թվականի պատերազմից հետո կողմերի միջև ձևավորված ուժերի անհավասար վիճակը դժվարեցնում է փոխզիջումները վերոհիշյալ հարցերի շուրջ: Նա լավատես չէր, թե Բաքվին և Երևանին մոտակա ժամանակներում կհաջողվի կնքել համապարփակ խաղաղության պայմանագիր:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
0Comments