Լեհաստանը Բելառուսի հետ սահմանին կիրականացնի ռազմական գործողություն 17 հազար զինվորների մասնակցությամբ

Մանրամասներ
1

Լեհաստանն օգոստոսի 1-ին Բելառուսի հետ սահմանին կսկսի մասշտաբային գործողություն ՝ «Անվտանգ Պոդլյաշիե», որին կմասնակցի 17 հազար զինվորական, տեղեկացրել է երկրի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կոմիշը, հայտնել է RMF24-ն։

Զորավարժությունները կգլխավորի 18-րդ մեքենայացված դիվիզիան։ Գործողությունը կշարունակվի վեց ամիս։ Զինծառայողների համար կազմակերպվել է լրացուցիչ պատրաստություն՝ ոստիկանների ներգրավմամբ, այդ թվում Կոսովոյի առաքելության մասնակիցների։

Լեհաստանի պաշտպանության նախարարը եւ ներքին գործերի նախարար Տոմաշ Սեմոնյակը համատեղ խորհրդակցություն են անցկացրել արեւելյան սահմանի ամրապնդման նպատակով եւ դրական են գնահատել բուֆերային գոտին այդ տեղամասում։ Նրանց խոսքով՝ երկիր անօրինական թափանցման փորձերի քանակը կրկնակի կրճատվել է։ «Սա շատ կոնկրետ արդյունք է»,- նշել է նախարարը։

Այն մասին, որ Լեհաստանը կավելացնի զորքերի թիվը՝ 6 հազարից հասցնելով 17 հազարի Բելառուսի հետ սահմանին, հայտնի է դարձել հուլիսի 10-ին։ Պաշտպանության փոխնախարար Պավել Բեյդան տեղեկացրել է, որ 8 հազար զինվորական կգտնվի անմիջապես տեղերում, իսկ մյուսները՝ պահեստում։ «Եթե ինչ-որ բան պատահի, այդ 9 հազար զինվորները 48 ժամվա ընթացքում կգան սահման ողջ տեխնիկայով եւ զենքով՝ այն պաշտպանելու համար։ Դրանք կլինեն արագ սահմանային արձագանքման ուժեր»,- նշել է նա։

Միաժամանակ նախատեսվում է սահմանի պահպանության համար ձեռք բերել 150 մարտական զրահամեքենա։ Բեյդոն նշել է նաեւ տեղանքի հետախուզման միջոցների բարելավման եւ հնարավոր սպառնալիքների մասին, դա կարվի նաեւ արբանյակների եւ վաղ նախազգուշացման ինքնաթիռների օգնությամբ։

«Անվտանգ Պոդլյաշիե» գործողության նպատակն այն է, որ միասնականացվի սահմանների պահպանության գործընթացը, ինչպես նաեւ ստեղծվեն պայմաններ «Արեւելյան վահան» նախագծի իրականացման համար, դա Ռուսաստանի եւ Բելառուսի հետ սահմանի ամրապնդման ազգային պաշտպանական ծրագիր է։ Այն մեկնարկել է 2024թ. մայիսին, գնահատվում է 2,6 մլրդ դոլար։

«Խիստ սեւ սցենարի դեպքում «Արեւելյան վահանը» պետք է թույլ տա մեզ հետ մղել թշնամու հարձակումը»,- ասել է Լեհաստանի ազգային պաշտպանության փոխնախարար Ցեզարի Տոմչիկը։ Նա ընդգծել է, որ երկրի արեւելյան սահմանները «նաեւ ԵՄ եւ ՆԱՏՕ սահմաններն են», ուստի հանրապետությունը բանակցություններ է վարում եվրոպական ներդրումային բանկի հետ նախագծի մի մասի ֆինանսավորման մասին։

Լեհաստանը որոշել է ամրացնել իր սահմանների պաշտպանությունը Ուկրաինայում շարունակվող պատերազմի ֆոնին։ Վերջին ամիսներին վատացել է նաեւ միգրանտների հետ կապված իրավիճակը, որոնք փորձում են անօրինաբար հայտնվել երկրում Բելառուսով։ Մայիսին տեղի են ունեցել անլեգալների մի քանի հարձակումներ Լեհաստանի սահմանապահ ծառայության աշխատակիցների վրա, մի զինվորական զոհվել է։ Թեժացման հետ կապված՝ Վարշավան վերադարձրել է 200 մետրանոց բուֆերային գոտին սահմանին, որտեղ կողմնակի անձանց մուտքն արգելվում է։