Այո, մարտի 1-ին զինված ուժերն օգտագործվել են. Դավիթ Տոնոյան

Քանի որ նախաքննության փուլն ավարտվել է, մտնում ենք դատաքննության փուլ, ես կխուսափեմ որեւէ գնահատական տալուց


«Մարտի 1»-ի քրեական գործը եւ ավագ կազմի, եւ բարձրագույն սպայական կազմի տրամադրությունների վրա որոշակի ազդեցություն ունենում է՝ հաշվի առնելով նախաքննության փուլը: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Անընդհատ հրավերներ ՀՔԾ եւ այլ վայրեր: Դրա համար որոշակի ազդեցություն ունենում է, բայց միանշանակ է, որ զինված ուժերը պետք է ապաքաղաքական լինեն: Այլեւս այդպես շարունակել չի կարելի»,-ասաց նա:

Հարցին, թե այսօր կա՞ երաշխիք, որ բանակը այլեւս չի խառնվելու քաղաքականությանը, Տոնոյանը պատասխանեց. «Դա երաշխավորված է օրենսդրությամբ, Սահմանադրությամբ: Զինված ուժերը պետք է ապաքաղաքական լինեն: ԶՈՒ-ն պետք է պահել բոլոր քաղաքական գործընթացներից դուրս եւ շատ շնորհակալ եմ, որ վարչապետը այդ հարցում եւս ինձ հետ համաձայն էր եւ սկզբունքայնություն է ցուցաբերել: Վերջին ընտրություններն էլ ցույց տվեցին, որ մենք քաղաքական գործընթացներից դուրս մնալու ավանդույթ ենք ձեւավորում»:

Հարցին, թե մարտի 1-ին բանակը մասնակցություն ունեցե՞լ է, պաշտպանության նախարարն արձագանքեց. «Զինված ուժերն օգտագործվել են, այո: Մարտի 1-ի դեպքերին զինված ուժերը ներկա են եղել եւ կատարել են իրենց պարտականությունը: Քանի որ նախաքննության փուլն ավարտվել է, մտնում ենք դատաքննության փուլ, ես կխուսափեմ որեւէ գնահատական տալուց: բայց որ զինված ուժերը ներկա են եղել եւ օգտագործվել են, դա փաստ է»: