ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ է ներկայացրել Գազայում ժամանակավոր հրադադարի վերաբերյալ բանաձև

Մանրամասներ
մակ

ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ է ներկայացրել բանաձև՝ կոչ անելով ժամանակավոր հրադադար հաստատել Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև, ինչպես նաև դեմ արտահայտվելով իր դաշնակից Իսրայելի կողմից Ռաֆահում ցամաքային խոշոր գործողության իրականացմանը։

Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված բանաձևի տեքստը։

Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտնել էր, որ վետո կդնի Ալժիրի կողմից առաջարկված բանաձևի վրա, որը պահանջում է անհապաղ հումանիտար հրադադար հաստատել Գազայում։ Վաշինգտոնի պատճառաբանությամբ՝ այդ բանաձևը կարող է վտանգի տակ դնել ԱՄՆ-ի, Եգիպտոսի, Իսրայելի և Կատարի միջև ընթացող բանակցությունները, որոնց նպատակն է հասնել պատերազմում դադարի և ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող գերիների ազատ արձակման։

Ըստ ամերիկյան տեքստի՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է «ընդգծի իր աջակցությունը Գազայում հնարավորինս շուտ ժամանակավոր հրադադար հաստատելուն, որի հիմքում ընկած կլինի բոլոր պատանդների ազատ արձակումը և անհրաժեշտ մասշտաբով հումանիտար օգնության մատակարարման բոլոր արգելքների վերացումը»։

Բանաձևի հաստատման համար հարկավոր է առնվազն 9 կողմ ձայն, ինչպես նաև վետոյի բացակայություն ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Բրիտանիայի, Ռուսաստանի կամ Չինաստանի կողմից։

Բանաձևի տեքստը նաև ընդգծում է, որ ներկայիս պայմանները հաշվի առնելով՝ Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքում խոշոր ցամաքային գործողությունն է՛լ ավելի կվնասի քաղաքացիական անձանց և կհանգեցնի նրանց տեղահանման հարևան երկրներ։

Իսրայելը հայտարարել է, որ մտադիր է գործողություն սկսել Ռաֆահում, որտեղ ապաստանել է Գազայի հատվածի 2,3 միլիոն բնակչությունից ավելի քան 1 միլիոնը։

Reuters-ը նշում է, որ մինչ այժմ Վաշինգտոնը դեմ էր «հրադադար» բառին Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմի վերաբերյալ ՄԱԿ-ի բոլոր բանաձևերում։

Ըստ ՄԱԿ-ի միջազգային ճգնաժամային խմբի տնօրեն Ռիչարդ Գովանի՝ Իսրայելին ԱՄՆ-ի առաջարկած բանաձևը կարող է ավելի շատ մտահոգել, քան Ալժիրի առաջարկածը։

«Այն պարզ փաստը, որ ԱՄՆ-ն ընդհանրապես ներկայացնում է այս տեքստը, նախազգուշական կրակոց է (խմբ․՝ Իսրայելի վարչապետ Բենիամին) Նեթանյահուի համար։ Դա ամենաուժեղ ազդանշանն է, որ մինչ այժմ ԱՄՆ-ն տվել է ՄԱԿ-ում, որ Իսրայելը չի կարող անվերջ հույս դնել ամերիկյան դիվանագիտական պաշտպանության վրա», – ասել է Գովանը: