Այդ փոփոխության իմաստը չեմ հասկանում, որովհետեւ այն փաստարկները, որոնք բերված են որպես հիմնավորում, համոզիչ չեն, մասնավորապես, այն փաստարկը, որ Իտալիայում կոչվում է «Իտալիայի պատմություն», Ֆրանսիայում՝ «Ֆրանսիայի պատմություն»: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ անդրադառնալով կառավարության նախաձեռնությանը, որով առաջարկվում է դպրոցներում «հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»:
«Բնականաբար, իրավիճակները տարբեր է: Այնպես չէ, որ իտալացիների կամ ֆրանսիացիների մեծ մասն ապրում է Իտալիայից դուրս կամ Ֆրանսիայից դուրս: Հայ ժողովրդի ճակատագիրը մի փոքր այլ է եղել, այսօր ավելի շատ հայեր ապրում են արտերկրում, քան Հայաստանում, գումարած այն կորուստները, որ ունեցել է մեր պետությունը դարերի ընթացքում: Ստացվել է այնպես, որ մեր ժողովուրդը բավական արժեքներ ստեղծել է բուն Հայաստան պետությունից դուրս կամ այն հատվածներում, որոնք այսօր Հայաստանի մեջ չեն: Դրա համար այլ երկրների հետ համեմատելու այդ փաստարկը համոզիչ չէ: Դա տեղին կլինի, եթե համեմատություն արվի հենց մեր նման պետությունների հետ: Իսկ այդպիսի պետություններ գրեթե չկան, այդ իմաստով, «հայոց պատմությունը», եթե տրամաբանորեն նայենք, ծավալով շատ ավելի մեծ է եւ հնարավորություն է տալիս մեր պատմությունը ներկայացնել ավելի հարուստ ու ամբողջական ձեւով: Այս դեպքում կա ռիսկ, որ որոշ բաներ այլեւս չեն կարող քննարկվել, որովհետեւ դա տեղի չի ունեցել Հայաստանի պետության տարածքում»,-ասաց փորձագետը:
Մյուս փաստարկը, որ բերում է կառավարությունը, անհամապատասխանությունն է հանրապետության պետական չափորոշիչի 33-րդ հոդված 6-րդ կետի եւ 35-րդ հոդվածի միջեը. «Ես նայեցի այդ կետերը, բացարձակ որեւէ հակասություն չնկատեցի: 33-րդ կոդվածի 6-րդ կետն ասում է, որ կա հայրենագիտություն, հասարակական գիտություններ ուսումնական բնագավառ, որի ներսում Հայաստանի եւ հայ ժողովրդի պատմությունն է, կրոնը եւ այլն: Դա 5-րդ դասարանում պետք է լինի ինտեգրված առարկա, իսկ 7-ից սկսած՝ առանձին: Հետո 35-րդ հոդվածում գրվում է «հայոց պատմություն»: Եթե 33-րդ հոդվածում գրված լիներ միայն Հայաստանի պատմություն, ես ինչ-որ տեղ կընդունեի, որ կա հակասություն, բայց այնտեղ գրված է «Հայաստանի եւ հայ ժողովրդի պատմություն»: Այսինքն կարծես շինծու մի բան է մտածված, որ այս փոփոխությունն արվի»,- ասաց Սերոբ Խաչատրյանը:
Նրան զարմացնում է նաեւ այն արագությունը, որով սա արվում է. «Նախ հայտարարվեց, որ կան գիտնականներ եւ ուսուցիչներ, որոնք դիմել են նախարարություն: Ոչ ոք չգիտի՝ ովքեր են այդ գիտնականներն ու ուսուցիչները, ինչու հենց այս պահին հիշեցին հանկարծ, երբ կարող էին այդ դիմումով հանդես գալ այն ժամանակ, երբ չափորոշիչը գրվում էր, հանրային քննարկվում էր: Եվ այս պահին, երբ արդեն դասագիրք է տպվել, հանկարծ հիշում ենք, որ չափորոշիչում առարկայի անունը սխալ ենք գրել:
Հենց վարչապետը հայտարարեց այդ մասին, մեկ շաբաթում կայծակնային արագությամբ նախագիծ եկավ: Եթե գիտնականներն ու ուսուցիչները այդ դիմումը գրել են, ճիշտ կլիներ, որ ԿԳՄՍ նախարարությունը դա մակագրեր, օրինակ, ԳԱԱ պատմության ինստիտուտին, ԵՊՀ-ին, մնացած բուհերին, որտեղ կան պատմության ամբիոններ: Անտեսվել է այդ մարդկանց դիրքորոշումը, շատ արագ որոշվել է, որ այդ գիտնականներն ու ուսուցիչները, որոնց ոչ ոք չգիտի, ճիշտ են ասում եւ միանգամից բերվել է որոշման նախագիծ: Այնպես չէ, որ եթե մեկ ամսում այս փոփոխությունը չանենք, հայոց պատմության դասավանդումը կտուժի, կամ սա հենց այն հրատապ հարցն է, որ կրթության համակարգում պետք է լուծել, որ հենց այդտեղից են գալիս կրթության խնդիրները: Զարմանալի է, որ ունենք բազմաթիվ հրապատ խնդիրներ, որոնց արձագանք չկա, բայց այս հարցը կայծակնային արագությամբ ընթացք ունեցավ»,-ասաց փորձգետը:
Նա կարծիք հայտնեց, որ ճիշտ կլիներ, որ մինչեւ e-draft հարթակում տեղադրելը լինելին այդ քննարկումները, իսկ այսպես ստացվում է, որ նախարարությունն արդեն ընթացք է տվել, մենք միայն կարող ենք մեր կարծիքը հայտնել:
Հարցին, թե ո՞րն է այս փոփոխության իրական նպատակը, Սերոբ Խաչատրյանը պատասխանեց. «Երբ ես այս ամենը կապում եմ Արարատ եւ Արագած սարերի, սահմանադրության հետ, չեմ կարող վստահ ասել, բայց կարծեք թե, ինչ-որ շղթա է առաջանում, որ խնդիր է դրված որոշակի սիմվոլներ փոխելու եւ հրաժարվելու այն սիմվոլներից, որոնք մեր ժողովուրդն ունեցել է եւ կենտրոնանալու հայաստանի այս պահի տարածքի ու սահմանների վրա՝ նեղացնելով Հայաստանը ընկալումը:
Նաեւ կարծում եմ, որ այս պատերազմական դեպքերից հետո այդ սիմվոլների վերանայումն այնքան էլ ճիշտ բան չէ: Առանց այդ էլ մարդիկ տրավմայի մեջ են, հիմա մի հատ էլ մարդկանց զրկել սիմվոլներից ու ասել՝ այսուհետ պետք է մեր պատերին կախվի Արագածի նկարը, ոչ թե Արարատի, կամ ասենք՝ այլեւս չպետք է ասենք հայոց պատմություն, երբ շատ գեղեցիկ արտահայտություն է, ի՞նչ իմաստ ունի սա»:
0Comments