Սպիտակ տունն իրանական հարվածներն Էրբիլի վրա անխոհեմ է անվանել

Մանրամասներ
ամն

Ամերիկյան վարչակազմն անխոհեմ է անվանել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հարվածները Իրաքյան Քրդստանի վարչական կենտրոն Էրբիլ քաղաքի վրա (ինքնավար շրջան Հյուսիսային Իրաքում): Այս մասին ասվում է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայության ղեկավար Ադրիեն Ուոթսոնի հայտարարության մեջ։

«Մենք շարունակելու ենք գնահատել իրավիճակը, սակայն նախնական գնահատականն այն է, որ սա անխոհեմ և ոչ ճշգրիտ հարվածների շարք էր։ ԱՄՆ-ն աջակցում է Իրաքի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը»,- ասել է Ուոթսոնը:

Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները «շփվում է իրաքյան բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև Քրդստանի պաշտոնյաների հետ»։ «Մենք տեսանք հաղորդումներ և հրթիռներ, որոնք ընկել են Հյուսիսային Իրաքում և Հյուսիսային Սիրիայում: «Ոչ մի ամերիկյան ռազմական անձնակազմ կամ ամերիկյան կայանք չի տուժել», - ասել է Ուոթսոնը:

IRNA գործակալությունը, հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարությանը, հաղորդում է, որ Իրանի զինված ուժերը հարձակվել են Էրբիլում իսրայելական «լրտեսական կենտրոնների» վրա։ Հայտարարության մեջ, ինչպես հաղորդում է Al Mayadeen հեռուստաալիքը, ասվում է նաև, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Սիրիայի հյուսիսում գտնվող Իդլիբ նահանգում սպանել է «Իսլամական պետության» ահաբեկիչներին, որոնք պատասխանատու էին հունվարի 3-ին Քերմանում տեղի ունեցած հարձակման համար, որտեղ զոհվել էր 89 մարդ։