Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին կիրակի օրը Թեհրանում «Ալ-Աքսայի գրոհը և մարդկային խղճի զարթոնքը» խորագրով համաժողովում ունեցած իր ելույթում մեղադրել է Իսրայելին միջազգային բոլոր նորմերը և պայմանագրերը խախտելու մեջ՝ անվանելով դիմադրությունը Իսրայելին դիմակայելու միակ միջոցը, հայտնում է Tasnim-ը։
Ըստ Ռաիսիի, Իսրայելը «խախտել է ավելի քան 400 միջազգային բանաձևեր, պայմանագրեր և հայտարարություններ, նաև խախտել է միջազգային կազմակերպությունների ձեռնարկած միջոցները»։
«Այսօր Պաղեստինում բոլորի համար պարզ է դարձել, որ սիոնիստական ռեժիմը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները յուրաքանչյուր միջազգային պայմանագրի կնքումից հետո»,- ասել է նա։
Պաղեստինն անվանելով մուսուլմանական աշխարհի գլխավոր առաջնահերթությունը՝ Ռաիսին ասել է, որ Իսրայելի դեմ պայքարելու միակ տարբերակը դիմադրությունն է՝ «հոսանք, որը գերիշխում է Պաղեստինում, Լիբանանում, Սիրիայում, Իրաքում, Եմենում և իսլամական աշխարհի այլ մասերում»։
«Իսրայելական ռեժիմին դիմադրությունը տվել է իր պտուղները երկօրյա, 22-օրյա, 33-օրյա և 100-օրյա պատերազմներում, քանի որ Պաղեստինը հաղթող դուրս եկավ, իսկ սիոնիստական ռեժիմն ու նրա դաշնակիցները պարտվեցին»,- հավելել է Իրանի նախագահը։
0Comments