ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան էջում գրում է. ««Սրա վերջը ինչա՞ լինելու»
Այս հարցը, թերևս, ամենաշատ հնչող հարցն է, որ տալիս են մեր հայրենակիցները քաղաքական և աշխարհաքաղաքական հարցերի մասին խոսելիս:
Պատասխանը լինում է տարբեր` կախված պատասխանողի քաղաքական հայացքներից, տեղեկատվության ու գիտելիքների ծավալից: Բայց գրեթե բոլոր դեպքերում, փորձում են ներկայացնել «վերջի» իրենց տարբերակը:
Իսկ ո՞րն է այդ «վերջը», որ այդքան համառորեն փնտրում են բոլորը, կամ կա՞ արդյոք այդպիսի «վերջ»:
Իմ համոզմամբ, այդքան բաղձալի «վերջը» ուղղակի չկա, գոյություն չունի, քանի մեկի համար մի բանի վերջը մյուսի համար նորի սկիզբն է, կամ ցանկացած վերջ սկիզբ է նորի:
Օրինակ, իշխանության հեռացումը շատերի համար վերջ է, բայց իրականում շատ ավելի բարդ ու ծանր նորի սկիզբ, Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը շատերի համար վերջ է, իսկ իրականում այն ձևակերպելու, ամրապնդելու և պաշտպանելու շատ ավելի բարդ նորի սկիզբ:
Անընդհատ սպասելով այդ «վերջին» և չգտնելով այդ «վերջը», մենք հուսահատվում ենք, թևաթափ ենք լինում, դադարում ենք պայքարել, որոշում ենք հանձնել ու հանձնվել, որ «հանգիստ ապրենք»:
Մի մասն արտագաղթում թ, մի մասը` երազում արտագաղթել: Մյուս մասը կոտրվում ու հանձնվում է, իսկ առավել համառները պայքարում են, կռվում են, չեն կոտրվում ու հանձնվում:
Սա, իմ կարծիքով, մեր պարտությունների ու ձախողումների հիմնական պատճառներից մեկն է, եթե ոչ ամենագլխավորը, քանի որ պայքարից հոգնելն ու հրաժարվելը անխուսափելիորեն հանգեցնում է թուլացման ու անկման, նաև մահվան, քանի որ «կյանքը պայքար է, իսկ պայքարը` կյանք» բանաձևը երբեք ու ոչ մի իրավիճակում չի կորցնում իր կենսունակությունն ու նշանակությունը:
Մենք պետք է գիտակցենք շատ կարևոր մեկ ԲԱՆ. քաղաքական ու աշխարհաքաղաքական գործընթացները ՎԵՐՋ չունեն, չեն ավարտվում, փոխակերպվում են, փոխվում են խնդիրների բնույթը, ծավալն ու դժվարությունները, բայց ԵՐԲԵՔ չեն վերջանում:
Հետևաբար, զինվենք անսահման համբերությամբ, կամքի երկաթյա ուժով, պայքարելու, կռվելու ու հաղթելու մեծ հավատով ու նվիրումով:
ՍԱ Է ԼԻՆԵԼՈւ ԲԱՆԱԼԻՆ»:
0Comments