Եկել է ժամանակը՝ մեծացնելու Ուկրաինային ռազմական և քաղաքական միջոցներով աջակցելու ջանքերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ՝ ժամանելով ԵՄ գագաթնաժողովին, որտեղ այսօր ավելի ուշ ելույթ կունենա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ժամանակը եկել է: Մենք պետք է մեծացնենք Ուկրաինային աջակցությունը՝ ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական: Մենք պետք է որոշենք, թե ինչ լրացուցիչ միջոցներ կարող ենք օգտագործել առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում աջակցությունն ընդլայնելու համար», – ասել է Միշելը:
Ավելի վաղ Բրյուսելում դիվանագիտական աղբյուրը ТАСС-ին հայտնել էր, որ գագաթնաժողովում Կիևին ինքնաթիռներ տալու վերաբերյալ որոշում չի կայացվելու, քննարկումը կշարունակվի ՆԱՏՕ-ում, իսկ Զելենսկիի այցը կրում է առաջին հերթին «մոտիվացիոն բնույթ»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ուկրաինայի նախագահը փետրվարի 8-ից եվրոպական անակնկալ շրջագայություն է սկսել՝ այցելելով Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա, որից հետո մեկնել է Բրյուսել: Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ հանդիպումից հետո Զելենսկին ելույթ է ունեցել Բրիտանիայի խորհրդարանի առջև, որտեղ Լոնդոնին կոչ է արել ռազմական ինքնաթիռներ տրամադրել Ուկրաինայի զինված ուժերին:
0Comments