Մեր ընդդիմությունը երկիրը փրկելուց առաջ գուցե իր կիսագրագետ լրագրողներից մեզ փրկի

Մանրամասներ

1

Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանն իր էջում անդրադարձել է նախօրեին լրատվամիջոցներից մեկում հրապարակված՝ ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի տված հարցազրույցին, որտեղ վերջինս հրաժարվել է ավելի վաղ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում իր արտահայտած մտքերից մեկից, որտեղ ասել էր, թե «հնարավոր միջանցքի մասին հարցերը պետք է տալ նրանց, ովքեր ստորագրել են համաձայնագրերը։ Հայկական կողմից դա եղել է Նիկոլ Փաշինյանը։ Երբ նա ստորագրում էր այդ համաձայնագիրը, ինչի՞ մասին էր մտածում։ Միջանցքը ստորագրել է Փաշինյանը»:

Ղազարյանը նկատել է՝ Զատուլինը լրագրողին ասում է, որ ինքը նման բան չի ասել, և իր խոսքը խեղաթյուրել են իշխանամետ լրագրողները։

«Ավելին՝ Զատուլինը պնդում է, որ Ալիևի ներկայացրած 5-կետերի մեջ «Զանգեզուրի միջանցք» կա, և Հայաստանը այն քննարկել է Սոչիում։ Ինձ էնքան էլ հասկանալի չէ՝ Զատուլինը իրո՞ք չի կարդացել այդ 5 առաջարկները, թե՞ միտումնավոր այնտեղ «Միջանցք» է խցկում։

Ինձ ապշեցնում է մեր լրագրողների որակը։

Երբ Զատուլինը «Երկիր Մեդիա»-ի լրագրողին ասում է, որ «Միջանցք»-ի մասին ձեր ղեկավարն է համաձայնագիր ստորագրել, և գնացեք իրեն հարցրեք, լրագրողը բերանը ջուր է առնում և չի հարցնում՝ այդ ո՞ր համաձայնագրում է Զատուլինը «Միջանցք» տեսել։

Երբ Զատուլինը «Հրապարակ»-ի լրագրողին ասում է, որ ինքը նման բան չի ասել, սույն լրագրողը նույնպես ձայն չի հանում։ Ավելին՝ Զատուլինը ասում է, որ Ադրբեջանի ներկայացրած 5 կետերի մեջ «Զանգեզուրի միջանցք» կա, և մենք համաձայնել ենք քննարկել դրանք։

Պատկերացնում եք՝ լրագրողը, որ Հայաստանի համար նման նուրբ ու կարևոր հարցի շուրջ է խոսում, չի ֆայմում Զատուլինին հիշեցնել, որ այդ 5 կետերում «Միջանցք»-ի մասին խոսք չկա։

Մեր ընդդիմությունը երկիրը փրկելուց առաջ գուցե իր կիսագրագետ լրագրողներից մեզ փրկի։

Նշենք, որ Կոնստանտին Զատուլինը ՀՀ Ազգային ժողովից պաշտոնական գրություն է ստացել, որով տեղեկացել է՝ ՀՀ-ում ճանաչվել է անցանկալի անձ, և վերջինիս մուտքը արգելված է Հայաստան: