Գառնիկ Իսագուլյանը հերքում է

Ես միշտ բաց եմ եղել մամուլի համար, հիմա էլ որևէ խնդիր չունեմ

Գառնիկ Իսագուլյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այն հրապարակմանը, համաձայն որի իրեն կանչել են ԱԱԾ:

«Ժամանակ» թերթը գրել է.

«Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը բողոքում է, որ իրեն կանչել են Ազգային անվտանգության ծառայություն:
Ըստ Իսագուլյանի՝ իրեն մեղադրում են ինչ-որ տնտեսական հանցագործությունների մեջ, որոնց հետ ինքն ընդհանրապես կապ չունի: Իսագուլյանը կարծում է, որ ինքը քաղաքական հետապնդման զոհ է և մտադիր է առաջիկայում հանդես գալ համապատասխան հայտարարությամբ»:

Շատ ցավում եմ, որ որոշ լրատվամիջոցներ, այս դեպքում՝ «Ժամանակ» օրաթերթը, չխոսելով ինձ հետ, կեղծ տեղեկատվություն է տարածել իր թերթում վերոնշյալի մասին։ 
Տեղեկացնում եմ, որ թերթի հրապարակումը իրականության հետ որևէ աղերս չունի, և խորհուրդ կտամ նաև այլ լրատվամիջոցներին սենսացիոն լուրեր հրապարակելուց առաջ, դրանց իսկությունը ճշտել այն անձանց հետ, ում վերաբերվում է այդ տեղեկատվությունը։
Ես միշտ բաց եմ եղել մամուլի համար, հիմա էլ որևէ խնդիր չունեմ, իսկ ինչ վերաբերում է իմ և ԱԱԾ-ի փոխհարաբերություններին, ապա խնդրում եմ որևէ մեկը չանհանգստանա։ Իմ վերաբերմունքն այդ ծառայության ու նրա աշխատակիցների հանդեպ գերդրական է՝ անկախ որևէ հանգամանքից։

Հարգանքներով ՝ «Ազգային Անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյան

Հ․Գ․ Պահանջում եմ «Ժամանակ» օրաթերթից հերքում տպագրել այդ կեղծ հրապարակման կապակցությամբ։