Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամներն հունվարի 17-ին այցելել են Մադրիդի «Ռեալի» մարզաբազա, փոխանցում է ՀՖՖ կայքը:
Մարզիչները հնարավորություն են ունեցել հետեւել Մադրիդի «Ռեալի» մարզմանը, որից հետո հանդիպել են Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Սանտյագո Սոլարիի, նրա օգնականների եւ ֆիզպատրաստության գծով մարզչի հետ:
Երեկոյան Հայաստանի հավաքականի մարզչական շտաբի անդամները ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի հետ վերլուծել են Եվրո-2020-ի ընտրական փուլում ազգային հավաքականի մրցակիցներից Բոսնիայի եւ Հերցեգովինայի հավաքականի խաղը: Հունվարի 17-ին հայ մարզիչները հետեւելու են «Լեգանեսի» մարզմանը եւ հանդիպելու են թիմի մարզիչներին:
Հիշեցնենք, որ այս օրերին Իսպանիայում են Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլուդաղյանցը եւ նրա օգնականներ Սուրեն Չախալյանն ու Աշոտ Ավետիսյանը: Իսպանիայի մայրաքաղաքում նրանց են միացել նաեւ ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը եւ Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն:
0Comments