Տոների մեջ ավելի շատ հոգի դրեք, քան փող. Աշոտյան

Ինչո՞ւ մենք չենք կարողանում լիարժեք հանգստանալ, ուրախանալ և վայելել տոներն ամբողջությամբ

ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Տոների մեջ ավելի շատ հոգի դրեք, քան փող, և ամեն ինչ ավելի լավ կլինի:

Ինչո՞ւ մենք չենք կարողանում լիարժեք հանգստանալ, ուրախանալ և վայելել տոներն ամբողջությամբ: Մեր բոլոր ուրախությունների մեջ դրոշմվում է հոգսը, ձևը, ներվը:

Ծնունդ, Նոր տարի, կնունք հաճախ վերածվում են նյարդերի կծիկի, որի մեջ խճճվում են “ամեն ինչ հասցնեմ”, “փողս քիչ է, պարտք անեմ”, “մի բան պակաս չլինի”, “բա ընկերներս/բարեկամներս/հարազատներս/այլմոլորակայինները ինչ կմտածեն”, “մեքենան որտեղ կանգնացնեմ”, “նույն շորը չհագնեմ՝ արդեն տեսել են” և այլ ներվ կրծող, գլխուղեղում խավարասերների խաչասերումից ծնված և այլոց աչքի և խոսքի համար ապրելու գերնպատակից առաջացած բարդույթները:

Նվերը կարող է լինել սիմվոլիկ, փոքր, բայց հոգով և սրտով, սեղանը՝ համեստ, բայց համեղ ու ընտանեկան:

Արհեստականորեն բարդացված, դրսի համար կազմակերպվող, պարտքերով ու ջղայնությամբ համեմված ուրախությունը լիարժեք լինել չի կարող, երջանկության զգացողություն պարգևել չի կարող, խաղաղացնել չի կարող:

Վայելեք կյանքը, ինչպիսին որ կա, եղեք բնական, մերժեք պայմանականություններն ու ձևականությունները, տոների մեջ ավելի շատ հոգի դրեք, քան փող, և ամեն ինչ ավելի լավ կլինի:

Հ.Գ. 23.12.2016-ին գրածս, ցավոք, տեղին է նաեւ այսօր»,-գրել է նա: