«Ժամանակ»-ը գրում է. «Հնարավոր է, որ Հայաստանի իշխանությունները հասնեն նրան, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մինչեւ մայիս հրաժարական ներկայացնի: Արցախում խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները նախատեսված են հաջորդ տարվա մարտին, եւ եթե նախագահական ընտրությունները կազմակերպվեն ավելի շուտ, ապա նոր ընտրված նախագահը կկարողանա նաեւ հաջորդ տարի իրեն հարմար խորհրդարան ձեւավորել»:
«Փաստ»-ը գրում է. «Օրերս վարչապետ Փաշինյանը նշեց, թե «կառավարությունը քննարկում է առանց մեղադրական դատավճռի՝ գույքի վրա բռնագանձում տարածելու մեխանիզմը»: Ավելին, նա հավելեց, թե «այս դեպքում չի գործում անմեղության կանխավարկածը, այլ, կոպիտ ասած, մեղավորության կանխավարկածը, եթե մարդը չի կարողանում ապացուցել, որ այդ գույքը օրինական է ձեռք բերել, այն համարվում է ապօրինի»: Նման արտառոց որոշման համար հիմք է հանդիսացել այն մտահոգությունը, որ առաջիկայում ՄԻԵԴ–ում կարող են նորանոր գործեր լսվել «ընդդեմ Հայաստանի»: Այս ամենը շրջանցելու համար իշխանությունները գտել են խնդրի իրավական կարգավորում, ըստ որի, պետությունն առանց դատական գործընթացների կարող է պարզաբանումներ պահանջել տվյալ գույքի ձեռքբերման եւ ծագման վերաբերյալ: Այլ կերպ ասած՝ Փաշինյանն իր համար ստեղծում է «գրպանային արդարադատություն», որը կարող է օգտագործել ցանկացած ժամանակ ցանկացած անձի նկատմամբ:
«Ժամանակ»-ը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններին ՊԵԿ-ը մոտ 9 մլրդ դրամի հարկային լրացուցիչ պարտավորություն է ներկայացրել: Դա այն գումարն է, որը գազալցակայանները թաքցրել են պետբյուջեից: Հենց այս հանգամանքով է բացատրվում Ծառուկյանի բացասական վերաբերմունքը կառավարության ծրագրին»:
«Իրավունք»-ը գրում է. «Որդուն Հրազդանի քաղաքապետ դարձնելուց եւ ինքն էլ ԵԿՄ նախագահի թեկնածու առաջադրվելուց հետո Սասուն Միքայելյանի «ախորժակն ավելի է մեծացել»: Ասում են՝ Կոտայքի մարզում խայտառակ իրավիճակ է տիրում: Առաջիկա ՏԻՄ ընտրություններին Սասուն Միքայելյանն է հրահանգում, թե ով որտեղ պետք է առաջադրվի կամ չառաջադրվի: Կոտայքի Քաղսի համայնքում լուրեր են շրջանառվում, թե փետրվարի 17-ին ընտրությունների «իտոգը» տալու է Սասուն Միքայելյանը, գյուղում հոգեբանական ճնշում են գործադրում թեկնածուների նկատմամբ: Բանը հասել է նույնիսկ սպառնալիքներին. Սեդրակ Դավթյանի որդուն հասկացրել են, որ հայրը պետք է հանի թեկնածությունը, տեղացիները պնդում են, որ Միքայելյանի թեկնածուն 26-ամյա Ռաֆայել Գրիգորյանն է, որը երբեք աչքի չի ընկել գյուղում»:
«Իրատես»-ը գրում է. «Փաշինյանը Հայաստանի քաղաքացիների վատ վիճակի անմիջական պատասխանատու է համարում Սերժ Սարգսյանին ու նրա մերձավորներին: Հիմա Սերժ Սարգսյանը չկա, նրա մերձավորներն էլ չեն կարող թալանել պետբյուջեն, ինչպես պնդում էր Փաշինյանը: Վերջին ամիսներին նախկին հանրապետականները գրավներով ու պետությանը հանձնած գումարներով բավականին հարստացրել են բյուջեն, ինչն էլ թոշակների բարձրացման լավ խթան է: Բայց օրեր առաջ վարչապետ Փաշինյանը մի հայտարարություն արեց, որը, մեղմ ասած, հակասում է ընդդիմադիր Փաշինյանի հայտարարություններին. «Հայաստանում թոշակը 1000 դրամ բարձրացնելու համար անհրաժեշտ է 6 մլրդ դրամ, հետևաբար 5000 դրամով բարձրացնելու համար անհրաժեշտ է 30 մլրդ դրամ: Մենք պետք է մի կողմից ստվերային տնտեսության դեմ պայքարենք, մյուս կողմից տնտեսական որոշակի աճ ապահովենք, որպեսզի այդ խնդիրը կարողանանք լուծել»։ Եթե չկա կոռուպցիա, չկա բյուջեի թալան, ամեն բան իր տեղում է, ինչու՞ թոշակները չեն բարձրանում: Եթե գռփողն իր կլանով, ինչպես հայտարարում էր Փաշինյանը, այլևս լծակներ չունի գռփելու, ինչու՞ դեռ չեն ավելացել մարդկանց թոշակները: Հիմա՞ էլ գռփող կա, թե՞ այն ժամանակ Փաշինյանն ամեն ինչ չափազանցում էր: Ավելին, իր խոսքերն ավելի հավաստի դարձնելու համար Փաշինյանը հայտարարում է, թե՝ աղքատությունը մարդկանց ուղեղների մեջ է: Պարոն Փաշինյան, վստա՞հ եք, որ դեպի բարձրագույն իշխանություն Ձեր ճանապարհը հարթած մարդկանց ակնկալիքը նման հայտարարություններն են, չե՞ք կարծում, որ այս ամենը ոչնչով չի տարբերվում նախկին բարքերից: Միայն չասեք՝ թողեք աշխատենք, լավ է լինելու` համբերեք։ Որքա՞ն համբերենք»,-հարցնում է պարբերականը:
0Comments