Հարյուր տոկոսով գիտենք, որ հաղթանակ է լինելու․ Զելենսկի

Մանրամասներ
ա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ընդգծում է, որ անհնար է օկուպացնել ուկրաինացի ժողովրդին, ուստի պատերազմը, որը Ռուսաստանը մղել է իրենց երկրի դեմ, անխուսափելիորեն կավարտվի իրենց հաղթանակով, դա միայն ժամանակի հարց է։ Այս մասին պետության ղեկավարն ասել է արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկանում ենք երկրի նախագահի պաշտոնական էջից։

«Հարյուր տոկոսով գիտենք, որ հաղթանակ է լինելու, հարյուր տոկոսով էլ չգիտենք, թե երբ կլինի։ Ես կուզենայի, որ խաղաղության գործընթացը, պատերազմի ավարտի գործընթացն իրական լիներ»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։

Նախագահի խոսքով, պատերազմը դադարեցնելու բանակցային գործընթացի սկզբում Ռուսաստանը հաճախ էր վերջնագրեր ներկայացնում, ինչին Ուկրաինան չէր համաձայնվում, և ռազմական գործողությունները սրվում էին։ Բայց այսօր վերջնագրերի փոխարեն խոսակցությունն է սկսվում։ Եվ դա սկզբունքորեն այլ մոտեցում է։

«Եվ եթե նույնիսկ մեկ միլիոն ՌԴ քաղաքացի բերեն այստեղ մեռնելու՝ ուկրաինացիներին հնարավոր չէ օկուպացնել։ Հնարավոր է գրավել, շրջափակել բոլոր քաղաքները, Ուկրաինան ծածկել ռուս զինվորականների դիակներով, բայց մեր ժողովրդին օկուպացնել հնարավոր չէ»,- համոզված է պետության ղեկավարը։

Երկրի ղեկավարն ընդգծել է Ռուսաստանից երկխոսության պատրաստակամության մասին ազդանշան ստանալու կարևորությունը, ինչը չի եղել վերջին տարիներին։

«Ես հարյուրավոր բանակցություններ եմ վարել այլ երկրների ղեկավարների հետ՝ նրանց տալով բոլոր հնարավորությունները լինել բանակցողներ, միջնորդներ, Ռուսաստանի հետ հանդիպում ունենալու համար։ Դուք պետք է իմանաք, որ այս բոլոր հազարավոր մարդիկ զոհվել են, քանի որ Ռուսաստանը երբեք չի հաստատել հանդիպման հնարավորությունը»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։