21 հայկական գյուղ նվիրաբերվել է Ադրբեջանին․ Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյան

Մանրամասներ

1

«Ժամանակին նշել եմ ու հիմա էլ պիտի ասեմ, որ մեր առաջնային խնդիրը շարունակում է մնալ անվտանգության հարցը։ Մեր թշնամին շատ մոտ է գտնվում մեր բնակավայրերին, Կապան համայնքին։ Գիտեք, որ խնդիրներ են առաջացել ճանապարհների առումով։ Փակվել է Մ2 մայրուղին ու Մ17 մայրուղին։ Մ17-ի փակվելու հետ կապված մեզ մոտ լուրջ խնդիրներ առաջացան մեր 6 գյուղական բնակավայրերի հետ կապված։ Գյուղական 6 բնակավայրերը փաստորեն հայտնվել են կիսաշրջափակված վիճակում։ Ճանապարհը շարունակվում է ներկա դրությամբ փակ մնալ, հիմնական ճանապարհի հետ կապված կարող եմ ասել, որ շինարարական աշխատանքներ տարվում են, բայց բավականին երկար են տևելու այդ աշխատանքները ու ամիսներ են տևելու։ Ժամանակավոր տարբերակն էլ  է հիմա կառուցվում, բայց ժամանակավոր տարբերակն էլ այդ ճանապարհի դժվարանցանելի հատվածն է»,- այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում ասաց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը։

«Վերջին անգամ գյուղերում երեք օր առաջ եմ եղել։ Եղել եմ Ճակատենում։ Սննդի հետ կապված խնդիր չկա։ Կարող եմ ասել, որ մարդկանց տեղաշարժի հետ կապված էլ այս պահի դրությամբ խնդիր չկա, բայց տրանսպորտի, փոխադրման խնդիրների հետ կապված հարցերը լուծված են մասնակի։ Համայնքին տրամադրվել է երկու մեքենա՝ մարդատար ու բեռների փոխադրման։ Ճիշտ է, երկրորդը դեռ հարմարեցված չէ դրա համար, բայց աշխատանքներ տարվում են դրա հետ կապված»,- ասաց Փարսյանը։

«Ես, իհարկե, Կապանի մասով կարող եմ խոսել ու ասել, որ դեմարկացիոն, դելիմիտացիոն պրոցեսները մենք կգերադասեինք, որ իրականացվեն մինչև 1929 թվականի քարտեզներով։ Որովհետև 1929 թվականին՝ ԽՍՀՄ տարիներին, Կապանի շրջանի 21 հայկական գյուղ նվիրաբերվել է այսպես կոչված եղբայրական Ադրբեջանին։ Հենց այդ օրվանից մեզ մոտ առաջացավ այն հիմնական խնդիրը, որը մենք ներկա դրությամբ ունենք։ Խնդիրներ, ասենք, օդանավակայանի հարևանությամբ թշնամու առկայության հետ կապված, խնդիրներ՝ կապված նույն ճանապարհների հետ։ Այս ամենը առաջացել է 1929-ին, երբ կրկնում եմ, մեր տարածքները անցել են այսպես կոչված եղբայրական Ադրբեջանին։ Այսինքն՝ եթե առաջնորդվենք մինչև 1929 թվականի քարտեզներով, բավականին տարածքներ, հայկական բավականին լուրջ տարածքների մասին կարող է խոսք լինել։ Մենք պիտի խուսափենք ասելու հայկական կամ ադրբեջանական տարածքներ։ Որովհետև քանի դեռ չի իրականացվել դեմարկացիոն, դելիմիտացիոն պրոցեսներ, չի կարելի հստակ ասել, թե սա ադրբեջանական է կամ հայկական է։ Այո, նույնը վերաբերվում է նաև Մ2-ին ու Մ17-ին»,- նշեց Գևորգ Փարսյանը։

«Այո, վարչապետի հետ հանդիպում եմ ունեցել ու շատ հարցերի մասով քննարկումներ եղան։ Ընթացիկի վերաբերյալ են քննարկումները եղել։ Ավելի մանրամասներ չեմ ներկայացնի, որովհետև մեծ հաշվով ինքը փակ հանդիպում էր։ Պատահական չէ, որ ես խոսեցի 1929 թվականի քարտեզների մասին։ Այո, այդ հարցն էլ է քննարկվել հանդիպման ժամանակ»,- հավելեց Կապան համայնքի ղեկավարը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/8a66c070bb57d8c9f9f1f145d01b0427

 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»