Ինչպես հաղթահարել հետտոնական սթրեսը

Մանրամասներ

Ամանորն աշխարհում ամենահայտնի և սիրելի տոներից է: Յուրաքանչյուր ազգ այն յուրովի է տոնում, բայց երբեմն տոնական նախապատրաստությունները կարող են լինել հոգնեցուցիչ և սթրեսային: Տոներից առաջ, ընթացքում և հետո շատ մարդիկ ընկնում են սթրեսի մեջ: Իսկ ինչո՞ւ: Այս հարցի պատասխանը Doctors.am-ը փորձել է ստանալ հոգեբան Էլոննա Ավետյանից:

Ինչպե՞ս է ազդում Ամանորը մարդու հոգեկան առողջության վրա:

Ամանորը մարդկանց մեծամասնության համար եղել է մանկության ամենասիրելի տոնը և այժմ էլ շարունակում է մնալ այդպիսին, սակայն որքան մարդը մեծանում է, այնքան ավելի քիչ է կարևորում այս տոնը: Ոչ բոլորի մոտ է տարիքի հետ պահպանվում, օրինակ, տոնածառ զարդարելու կամ տոնական սեղան պատրաստելու ցանկությունը: Եվ պատճառն այն է, որ ամանորյա տոները տարբեր տարիքում տարբեր կերպ են ազդում մեր հոգեկան աշխարհի վրա: Օրինակ՝ աշխատող մարդիկ նախատոնական օրերին սթրես են ապրում, քանի որ սովորաբար անավարտ մնացած գործեր են ունենում, որոնք չեն ցանկանում թողնել հաջորդ տարվա վրա, փորձում են ավարտին հասցնել մինչև Նոր տարի, և այդ պատճառով տքնաջան աշխատում են: Սա  հանգեցնում է նրան, որ նախատոնական օրերին խնդիրները մարդու կամքից անկախ ձնագնդի նման մեծանում են, մարդը թևաթափ է լինում, քանի որ հասկանում է՝ մի քանի օրում հնարավոր չէ ավարտին հասցնել ամբողջ տարում կուտակվածը: Հենց սա էլ կարող է ձևավորել Ամանորի նկատմամբ բացասական վերաբերմունք, ինչն էլ, բնականաբար, անդրադառնում է առողջության վրա:

Որպեսզի թույլ չտաք ինքներդ Ձեզ թաղվել խնդիրների մեջ և փչացնել տոնական տրամադրությունը, պետք է փորձեք խնդիրները լուծել դրանց առաջանալուց հետո, չթողնել, որպեսզի կուտակվեն: Նախատոնական օրերին սթրեսային իրավիճակների բախվելիս փորձեք շեղել Ձեզ այլ բաներով, լիցքաթափվել և պարզապես հանգստանալ:

Որո՞նք են տոնական օրերի ամենամեծ սթրեսորները:

Ամանորի արձակուրդները պարզապես խրախճանք և հանգիստ չեն, այլև՝ սթրես, քանի որ երկարատև տոները խաթարում են մարդու կյանքի բնականոն ընթացքը:
Մարդու համար լրացուցիչ սթրես են ստեղծում նաև Նոր տարվա հետ ասոցացվող այնպիսի երևույթներ, ինչպիսիք են տարվա ամփոփումը, նոր ծրագրերի մշակումը: Ամանորից հետո սովորաբար մարդիկ որոշում են նոր կյանք սկսել՝ թողնել խմելը, նիհարել, սկսել զբաղվել սպորտով և այլն: Սակայն ոչ բոլորին է հաջողվում հետևողական լինել իրենց նպատակների իրականացման հարցում:

Եթե մարդու մոտ չկան լուրջ հոգեբանական խնդիրներ և նա, ընդհանուր առմամբ, գոհ է իր կյանքից, ապա հեշտությամբ կհաղթահարի Ամանորի հետ կապված սթրեսային իրավիճակները, սակայն եթե մարդու մոտ առկա է դեպրեսիա կամ նևրոզ….այստեղ արդեն պետք է լրացուցիչ աշխատանք տարվի:
Անհրաժեշտ է գիտակցել սթրեսային իրավիճակների և դեպրեսիայի առաջացման կապը: Վերջին հետազոտության համաձայն՝ կյանքի ընթացքում ծանր դեպրեսիայի  մեջ ընկնել կարող են կանանց 10 -15%-ը և տղամարդկանց 5-12% -ը:

Դեպրեսիայի պատճառները շատ են, սակայն սթրեսը ամենագլխավորներից է: Երբ մարդն ամեն օր ապրում է ինտենսիվ սթրեսային իրավիճակներ, նրա օրգանիզմը գրեթե առանց դադարի արտադրում է այնպիսի հորմոններ, ինչպիսին են ադրենալինը և կորտիզոլը, որոնց չափից շատ քանակը բացասաբար է անդրադառնում նյարդային համակարգի վրա:

Մարդուն լրացուցիչ սթրես կարող են հաղորդել Նոր տարվա նվերները, քանի որ դրանք ոչ միշտ են ուրախության և շնորհակալության զգացողություն առաջացնում: Սրա վերաբերյալ վերջերս նոր հետազոտություն է հրապարակել Psychology Today ամսագիրը: Համաձայն այդ հետազոտության՝ Ամանորի նվերները ոմանց համար վերածվում են բարդ էմոցիոնալ իրադարձության, ինչը պայմանավորված է նրանով, որ նվիրողի և ստացողի պատկերացումները երբեմն չեն համընկնում: Որոշ մարդիկ տոներին ոչ մի յուրահատուկ նշանակություն չեն տալիս և որևէ զգացմունքներ չունեն, այն դեպքում, երբ մյուսները շատ սրտատրոփ են սպասում Նոր տարվան, հետևաբար՝ տոնական նվերը ոմանց համար կարող է լինել հերթական իր, մինչդեռ պետք է հասկանալ, որ ամանորյա  նվերը խորհրդանշական է: Որպեսզի ճիշտ նվեր ընտրեք և խուսափեք հոգեկան տրավմաներից, կարող եք նախապես պայմանավորվել, թե ինչ կցանկանայիք նվիրել կամ ստանալ: