Ռուսաստանը սկսել է աշխատել հարվածային անօդաչուների դեմ պայքարի նոր զինատեսակի ստեղծման ուղղությամբ

Նոր նախագծի աշխատանքները մեկնարկել են վերջին լոկալ հակամարտությունների, այդ թվում՝ արցախյան վերջին պատերազմի փորձի վերլուծության հիման վրա

պուտին

Ռուսաստանում սկսվել են գործողության երկար շառավիղով ռադիոտեղորոշիչ վերահսկման նորագույն համալիրի մշակման աշխատանքները, ինչի մասին հայտնում են Թերթ.am-ը և ՌԻԱ Նովոստի-ն՝ պաշտպանական-արդյունաբերական համալիրի իր աղբյուրին հղումով:

Խոսքը նոր անօդաչու սարքի մասին է՝ նախատեսված հակառակորդի հարվածային անօդաչուների ուղղությամբ զենիթային համալիրների նշանառության համար: 

Աղբյուրը մանրամասնում է, որ նոյեմբերից մշակվում է գործողության երկար շառավիղով ռադիոտեղորոշիչ վերահսկման անօդաչու ուղղաթիռ, որը որոնելու-գտնելու է հակառակորդի՝ փոքր չափի, ցածր արագության և ոչ մեծ բարձրության վրա գտնվող անօդաչուները՝ ապահովելով հակաօդային պաշտպանության զենիթային հրթիռների նշանառումը դրանց ուղղությամբ:

Հատկանշական է, որ նոր նախագծի աշխատանքները մեկնարկել են վերջին լոկալ հակամարտությունների, այդ թվում՝ արցախյան վերջին պատերազմի փորձի վերլուծության հիման վրա:

Նշվում է, որ նոր համալիրը կստեղծվի նվազագույն ժամկետում:

Ռազմական վերջին հակամարտությունների փորձը ցույց է տվել բոլոր ուղղություններում՝ հետախուզությունից մինչև հարվածների հասցնում, անօդաչու ավիացիայի զգալի ավելացած դերակատարումը: