Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև դաժան պատերազմն ավարտվեց լարված զինադադարով և ռուս խաղաղապահների տեղակայմամբ։ Ռուսաստանի համար խաղաղարարի դերը նոր փորձություն և հնարավորություն է նախկին Խորհրդային պետությունների վրա իր ազդեցությունը պահպանելու համար, Թերթ.am-ի փոխանցմամբ՝ գրում է The New York Times-ը։
Հոդվածագիրներ Անտոն Տրոյանովսկին և Շարլոթա Գալը նշում են, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտի մասին եռակողմ պայմանավորվածությամբ Ադրբեջանին անցավ գրեթե ամբողջ ԼՂ-ն՝ բացառությամբ մի փոքր հատվածի։
«2000 ռուս զինծառայողներ այժմ կտեղակայվեն Ադրբեջանի տարածքում։ Դա ռազմավարական բարիք էր Ռուսաստանի համար, ինչը Մոսկվային տրամադրեց Իրանից դեպի հյուսիս ռազմական հենակետ, սակայն նաև ռիսկ, քանի որ ՌԴ-ն իր զորքը մտցրել է աշխարհի ամենադժվար լուծելի էթնիկ հակամարտություններից մեկի կենտրոն»,- գրում են հոդվածագիրները։
Նրանք նաև նշում են, որ գործարքը ձեռնտու էր Ալիևին, մասամբ այն պատճառով, որ ադրբեջանական ուժերն արդեն նոսրացել էին և բախվում էին ավելի դժվար, ձմեռային մարտերի սպառնալիքին։
«Ես չեմ կարծում, որ Ալիևին պետք էր շատ համոզել»,- ասել է Եվրոպա Հիմնադրամի ավագ հետազոտող, փորձագետ Թոմաս դե Վաալը՝ նոյեմբերի 9-ին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածության մասին։
«Հայերի համար, որոնցից շատերը վերջին տարիներին ձգտում էին ավելի սերտ կապեր հաստատել Արևմուտքի հետ, պատերազմը խիստ հիշեցում էր այն մասին, որ Ռուսաստանը նախկինի պես վճռորոշ նշանակություն ունի իրենց անվտանգության համար»,- հոդվածագիրները մեջբերում են քաղաքական վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանի խոքերը, որի կարծիքով՝ պատերազմից հետո հայերը վերադարձան «Ռուսաստանի ՝ որպես փրկիչի ընկալմանը»։
«Լեռնային Ղարաբաղի ապագա անվտանգությունն այժմ կախված է ռուս խաղաղապահներից, ինչը Մոսկվային տալիս է ճնշման լծակներ»,- հավելել է նա։
0Comments