Թշնամին փորձում է ճեղքել մեր պաշտպանական համակարգը․ մեր բանակը, կամավորները, աշխարհազորը, բոլորն անում են ամեն ինչ, որպեսզի թույլ չտան ոտնձգությունները

Մանրամասներ

Արցախում իրավիճակն ընդհանուր առմամբ նույնն է՝ թշնամին շարունակում է  ռմբակոծել Արցախի խաղաղ բնակավայրերը։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը։

«Թշնամին փորձում է ճեղքել մեր պաշտպանական համակարգը։ Մեր բանակը, կամավորները, աշխարհազորը, բոլորն անում են ամեն ինչ, որպեսզի թույլ չտան ոտնձգությունները։ Մեր պաշտպանական բանակը հերթական անգամ կանգնեցրել է թշնամու ոտնձգությունները, որը չի կարողացել հասնել իր նպատակին, կրել է մեծ կորուստներ՝ զինտեխնիկայի ու կենդանի ուժի։ Երեկ ողջ օրը Ստեփանակերտում օդային տագնապի ազդանշանը չի անջատվել»,- հավելեց Դավիթ Բաբայանը։

Նրա խոսքով՝ ժողովուրդը հետևում է անվտանգության բոլոր կանոններին, ավելին՝ կարծես արցախցիները սովորել են օդային տագնապի ազդանշանի ձայնին, և դրանից որևէ մեկը չի մտահոգվում։

«Հիշում եմ, որ այսպես է եղել նաև Արցախի առաջին պատերազմի ժամանակ, երբ թշնամին այսպես էր իրեն դրսևորում, ի վերջո, այս ամենն արդեն դարձել է մեր կյանքի մի մասը»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։