13-րդ դարի ֆլորենտացի նկարիչ Չիմաբուեի կտավը Ֆրանսիայի Սանլիս քաղաքում վաճառվել է 24,18 մլն եվրոյով (գրեթե 27 մլն դոլար), գրում է BBC-ն:
Կտավը նկարվել է բարդու փայտի վրա: Փորձագետների կարծիքով՝ կտավը Քրիստոսի կրքերին նվիրված 1280 թվականի աշխատանքների մի մասն է, որը բաղկացած է համանման չափերի ութ կտավներից:
Հաղորդվում է, որ մինչ օրս հայտնի է եղել նրանցից միայն երկուսի գտնվելու վայրը՝ «Քրիստոսի խարազանումը (Նյու Յորք, Ֆրիկի հավաքածու) և «Տիրամայրը գահին՝ մանկան և երկու հրեշտակների հետ» (Լոնդոնի Ազգային պատկերասրահ):
Ֆրանսիայում հայտնաբերված նկարի վրա պատկերված է Քրիստոսը՝ շրջապատված չար ու ծամածռող մարդկանց բազմությամբ։
Acteon աճուրդի տան համաձայն՝ վճարված գինը նոր ռեկորդ է աճուրդներում վաճառված միջնադարյան կտավների շրջանում:
Հաղորդվում է նաև, որ նկարը տարիներ շարունակ կախված է եղել Ֆրանսիայի Կոմպիեն քաղաքի անանուն բնակչի խոհանոցում՝ գազօջախի վերնամասում:
Նկարի սեփականատերը մեծ կարևորություն չի տվել նկարին, սակայն փորձագիտական քննությունից հետո պարզվել էր, որ կտավը պատկանում է հանրահայտ իտալացի նկարիչ Չիմաբուեին:
Թե ով է այս ստեղծագործությունը գնել նման խոշոր գումարով, աճուրդի տունը հրաժարվում է նշել։ Ըստ նախնական վարկածի՝ կտավի գինը չէր գերազանցելու 6 մլն եվրոն:
0Comments