Ադրբեջանում համոզված են, որ ընդդիմության ցույցը «հովանավորվել» է արտասահմանից

«Նոր Ադրբեջան» կուսակցության վարչական շենքում այսօր տեղի է ունեցել քննարկում՝ կապված հոկտեմբերի 19-ին ընդդիմադիր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ» կազմակերպության անցկացրած բողոքի ակցիայի հետ

Ադրբեջանի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության վարչական շենքում այսօր տեղի է ունեցել քննարկում՝ կապված հոկտեմբերի 19-ին ընդդիմադիր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ» կազմակերպության անցկացրած բողոքի ակցիայի հետ: Այս մասին տեղեկացնում է Minval.az-ը:

Կուսակցության փոխնախագահ և գործադիր քարտուղար Ալի Ահմեդովն իր ելույթում նշել է, որ «ծայրահեղական ընդդիմության փորձը»՝ Բաքվի կենտրոնում բողոքի ակցիա անցկացնել, ևս մեկ անգամ ապացուցում է, որ այդ ուժերը ղեկավարվում են դրսից:

Ահմեդովը նշել է նաև, որ իշխանությունները պետք է ժողովրդի մեծամասնության պես կոշտ արձագանքեն «ապօրինի ակցիաների» իրականացմանը, որոնք «խաթարում են երկրում կայունությունը»:

Հիշեցնենք, որ Բաքվի իշխանությունը մերժել էր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ» կազմակերպության դիմումն ակցիա անցկացնելու մասին, այնուամենայնիվ, ակցիայի կազմակերպիչները սոցիալական ցանցերում տեղեկատվություն էին տարածել, որ հոկտեմբերի 19-ին՝ ժամը 15:00-ին, չթույլատրված ցույց են անցկացնելու արգելված վայրում՝ «Մայիսի 28» մետրոկայարանի դիմաց: Ոստիկանական ուժերը կոշտ միջոցներով կանխել էին ցույցի անցկացումը: