Ֆրանկֆուրտ-Կանկուն չվերթն իրականացնող Airbus A330-243 ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Իռլանդիայի Շանոն քաղաքում այն պատճառով, որ օդաչուն սուրճը թափել է կառավարման վահանակի վրա: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հղում անելով ավիամիջադեպերի հետաքննության բրիտանական բաժնի զեկույցին:
Օդանավի հրամանատարը տաք սուրճով բաժակը դրել է ծալովի սեղանին, այնուհետև պատահաբար այն թափել է կառավարման վահանակին: Սարքավորումը տաքությունից սկսել է հալվել, որի պատճառով վահանակը մասամբ խափանվել է, և կապի խնդիր է առաջացել:
Այն բանից հետո, երբ օդաչուի խցիկում ծուխ է բարձրացել, որոշվել է արտակարգ վայրէջքի գնալ: Վայրէջքն իրականացվել է նորմալ, պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Նշվում է, որ ավիաընկերությունը, որի անունը չի հրապարակվում, միջադեպից հետո որոշում է կայացրել սուրճը մատուցել փակ բաժակներով:
0Comments