Նյույորքյան շփումներ՝ լայնածավալ զորավարժությունների ֆոնին

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Այսօր Նյու Յորքում կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Երեկ ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնեց, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։

Հայտնի է, որ երեկ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն էլ Նյու Յորքում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս մասին Twitter սոցիալական ցանցում գրառում է կատարել Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան: Տեղեկատվության համաձայն՝ կողմերը քննարկել են արցախյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր՝ անդրադառնալով հակամարտության գոտում տիրող ընդհանուր իրավիճակին, հետագա ծրագրերին և հակամարտության կարգավորմանն ուղղված հեռանկարներին:

Երկար դադարից հետո՝ հայ-ադրբեջանական բանակցությունների ֆոնին Հայաստանում և Արցախում անց են կացվելու զորավարժություններ: Սեպտեմբերի 24-ից ՀՀ տարածքում մեկնարկում է «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժություն, որին ընդգրկված են նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, տեղեկացնում է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Զորավարժության նպատակներն են զինված ուժերի ծավալման և մարտական կիրառման պլանների գործնական ստուգումը, ներգրավված ուժերի և միջոցների մարզումը, զորահավաքային խնդիրների կատարման ուղղությամբ ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ԶՈՒ ղեկավարման օղակներին և զորահավաքային ռեսուրսներին գործնական փորձի հաղորդումը, զորավարժություններին ընդգրկված ուժերի, միջոցների, զորահավաքային մարմինների և ռեսուրսների հնարավորությունների ուսումնասիրումը և ճշգրտումը, շտաբների գործողությունների ներդաշնակումը:
Զորավարժության ընթացքում ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացվելու են պայմանական նշանակետերի խոցումներ՝ մարտական կրակի կիրառմամբ:

Արցախում նույնպես կանցկացվեն ռազմավարական զորավարժություններ: Ռազմավարական զորավարժությունների անցկացման հետ կապված հարցերին նվիրված աշխատանքային խորհրդակցություն էր հրավիրել օրերս Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդագրության համաձայն, Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ զորավարժությունների պատշաճ մակարդակով կազմակերպման և դրա հետ կապված բոլոր հարցերի լուծման ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցել են պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք:

Մետաքսյա Շալունց

hayeli.am