Ամերիկուհի զբոսաշրջիկը Իսրայելի Յաֆա հին քաղաքում 2800 դոլար է վճարել շաուրմայի համար, հայտնել է նա սոցցանցերում, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»։
«Ես օգնության կարիք ունեմ, Ես որոնում եմ Յաֆայի դարպասների մոտ գտնվող ռեստորանը, որը կոչվում է Old City Shawrma։ Հնարավոր է՝ ռեստորանն իվրիտով այլ անվանում ունի։ Ես շաուրմա եմ գնել եւ վճարել եմ բանկային քարտով։ Ռեստորանի աշխատակիցներ Ադամը եւ Հակոբը սխալվել են, եւ իմ հաշիվը կազմել է մոտ 2900 դոլար»,- ասվում է Facebook-ի նրա հաղորդագրության մեջ։
Կնոջ խոսքերով, Ադամը խոստացել էր գումարը վերադարձնել դեռեւս օգոստոսին, սակայն դա տեղի չի ունեցել։ «Ես արդեն բանկին գրել եմ տրանսակցիայի սխալի մասին։ Ես մտադիր եմ հետ վերադարձնել իմ փողերը, նույնիսկ եթե դրա համար շատ ժամանակ պահանջվի»,- գրում է նա։
Հաղորդագրության մեկնաբանությունների մեջ օգտատերերը խորհուրդ են տալիս դիմել քաղաքի զբոսաշրջային ոստիկանությանը եւ տարածել միջադեպը սոցցանցերում ու ԶԼՄ-ներում՝ զբոսաշրջիկներին խաբող սրճարանի վարկանիշը գցելու համար։ Նրանցից մեկն էլ կնոջը խորհուրդ է տվել ամեն ինչ պատմել «Իսրայելի սեւ ցուցակ» խմբում, որտեղ տեղեկատվություններ են հրապարակում խարդախների մասին։
Զբոսաշրջիկները հաճախ են հայտնվում նման իրավիճակներում, երբ ռեստորաններում եւ սրճարաններում հատուկ նրանց համար գներն ուռճացնում են։ Այսպես, մայիսին հունական Միկոնոս կղզու DK Oyster ռեստորանում ամերիկացի զբոսաշրջիկներին 836 եվրոյի հաշիվ էին բերել ծովամթերքներով ուտեստի համար։ Ընդ որում, մենյու մինչ այդ չէր ներկայացվել։
Մի դեպք էլ տեղի է ունեցել Հռոմում, երբ երկու համբուրգերի եւ կապուչինոյի համար ճանապարհորդներին 81 եվրոյի հաշիվ էին բերել։
0Comments