Արայիկ Հարությունյանը որոշել է փակել Երեւանի թիվ 16 հատուկ դպրոցը

Դպրոցում սովորում է մոտ 180 երեխա, որոնք հիմնականում ունեն տեսողության եւ մտավոր հետամնացության տարբեր խնդիրներ

iravunk.com-ի տեղեկություններով Երեւանի թիվ 16 հատուկ դպրոցը, որը գտնվում է Ավան վարչական շրջանում, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը որոշել է փակել: Նշենք, որ դպրոցում սովորում է մոտ 180 երեխա, որոնք հիմնականում ունեն տեսողության եւ մտավոր հետամնացության տարբեր խնդիրներ: Նշենք նաեւ, որ դպրոց հաճախում են նաեւ մարզերից, իսկ հիմա երեխաների ծնողներին ստիպում երեխաներին տանել այլ դպրոցներ: Շատ կոպիտ կերպով զանգահարում են նրանց եւ ասում, որպեսզի գան եւ երեխաների թղթերը վերցնեն:

Եթե հարցը վերաբերում է ներառականության իրացմանը, ապա դպրոցը տեղով ներառական սկզբունքով է աշխատում եւ այս պարագայում հասկանալի չէ, թե ինչո՞ւ են ուզում առանց այդ էլ հիվանդ երեխաներին սթրեսի ենթարկել եւ արդյոք այս պարագայում չի խախտվում երեխայի իրավունքնորը, որոնք հազիվ սովորել են այդ դպրոցի պայմաններին եւ իրենց ուսուցիչներին: Խնդիրը տեղափոխվել է նաեւ ընտանիքներ, ծնողները կանգնել են հավելյալ խնդրի առաջ, չգիտեն ինչպես հանդարտեցնեն իրենց սահմանափակ կարողություն ունեցող երեխաներին, քանի որ երեխաները պատրաստ չեն այլ դպրոց ու միջավայր գնալ: Ըստ էության անտեսվում է պաշտպանության կարիք ունեցող երեխաների իրավունքները: Մեր տեղեկություններով ծնողները պատրաստվում են դիմել ՄԻՊ գրասենյակ: Փաստացի սեւ ամպեր են կուտակվում հիվանդ երեխաների գլխին սեպտեմբերի մեկին ընդառաջ:

Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ այս դպրոցում, բոլորովին վերջերս մրցույթով նոր տնօրեն է ընտրվել: Այսինքն, եթե հատուկ դպրոցը լուծարման եզրին էր, ո՞րն էր տրամաբանությունը նոր տնօրեն ընտրելու, բայց չգիտես ինչու սուպեր նախարարը որոշեց նման անակնկալ մատուցել այդ երեխաներին, դիվադադար անել ծնողներին:

iravunk.com-ը հետամուտ կլինի խնդրին՝ հասկանալու, ինչո՞ւ նախարարը այս ամառ ջանասիրաբար անում էր ամեն բան, որպեսզի փակեն հատուկ դպրոցը եւ ինչպես է տեսնում այդ երեխաների ճակատագիրը, որոնք առանց այդ էլ ստացել են հարված ճակատագրից: