Ցանկացած փորձ՝ բիրտ ուժով լուծել հանքի շրջափակման հարցը՝ կարժանանա հանրության բացասական գնահատականին. Հայտարարություն

Վստահ ենք, որ ստեղծված իրավիճակում տվյալ մոտեցումը կլինի առավել արդյունավետ

Մենք ողջունում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ջերմուկ  եւ անմիջական շփումը համայնքի բնակիչների հետ: Այս մասին հայտարարություն է տարածել Անդրիաս Ղուկասյանի գլխավորած Հայ Կառուցողական կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Ջերմուկցիների արձագանքը Ամուլսարի հանքը բացելու պնդումներին վկայում է, որ ցանկացած փորձ՝ բիրտ ուժով կամ քրեական հետապնդումներով, լուծել հանքի շրջափակման հարցը՝ կարժանանա հանրության բացասական գնահատականին: Այս պայթունավտանգ իրավիճակում մենք ողջունում ենք վարչապետի որոշումը լրացուցիչ քննարկում կազմակերպել միջազգային փորձագետների հետ իրենց կողմից կատարված փորձագիտական եզրակացությունը պարզաբանելու համար: Մենք կարեւոր ենք համարում, որ այդ քննարկմանը մասնակցեն նաեւ քաղաքացիական հանրության եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որպեսզի քննարկումը լինի բազմակողմանի եւ լիարժեք:

Հայտնում ենք մեր պատրաստակամությունը մասնակցություն ունենալ այդ քննարկմանը:  Վստահ ենք, որ ստեղծված իրավիճակում տվյալ մոտեցումը կլինի առավել արդյունավետ»: