Իջևանը՝ լակմուսի թուղթ

Ժողովրդի լեզվով ասած՝ երկու ահը մեկ մահ է

Իջևանյան դեպքերը  շատ արագ բացահայտեցին, որ  Հայաստանում   մեկ տարի առաջ իշխանության եկած անձը՝ իր նազիր-վեզիրներով, շատ երերուն դիրքեր ունի,  և  նրա այսօրվա իշխանական աթոռը ոչ թե չորս, այլ երեք ոտքի վրա է հենված, որից երկուսի   սոսինձը չորացած է և անպետք։ Իջևանը շատ զարմանալի  եկավ և  իր  անսպասելիությամբ, ուժով  ցույց տվեց, որ  վարչապետ Փաշինյանը հայտնվել է այն  ուսուցչի դերում, ով ամեն օր մտնում է դասարան և աշակերտներից պահանջում՝ ապա, ասացեք այն բառերը, որոնք չի կարելի կրկնել, և, երբ աշակերտները մոլորված չեն պատասխանում, «ուսուցիչն» ինքն ասում և ինքն էլ պահանջում է, որ աշակերտները կրկնեն  բոլոր վատ բառերը՝ հայհոյանք և սպառնալիք պարունակող։ Եթե ուսուցիչն է պարտադրում, աշակերտը չի կարող չկրկնել, և ամբողջ Իջևանը  կրկնում էր՝ «Փողոց  ենք փակելու», և փակում էին։

Եվ իզուր էին  տեղական իշխանիկները, նախ՝ մարզպետով, համայնքի ղեկավարներով, ապա՝ ոստիկաններով և այլ ուժայիններով,  իրենց կոտորում և պահանջում, որ մարդիկ ցրվեն, որ փողոցները չփակեն, որ միջպետական նշանակության ավտոմայրուղին բացեն, իզուր և ապարդյուն, իջևանցիները և ամբողջ  հայ ժողովուրդը տեսել էր օրինակը, իսկ օրինակը վարակիչ է, վատ օրինակը՝ ավելի վարակիչ։

Այդ նույն   չինովնիկները,  փողկապավորները  պաշտոններ էին ստացել ոչ թե իրենց սիրուն աչքերի կամ անծայրածիր խելքի,  պետությանը  մատուցած ծառայությունների համար, այլ՝ շատ պարզ   պատճառով՝ քայլել էին, փողոցներ և մայրուղիներ էին փակել, կաթվածահար էին արել հանրապետության բնականոն   կյանքը և հասել էին այս հանգրվանին՝ դարձել էին պաշտոնյա։ Իսկ թիվ մեկ քայլողը   վերցրել էր երկրի վարչապետի կոստյումը, հագել-կապել և գնացել-նստել կառավարությունում՝ իր ընտանիքը տաքուկ տեղավորելով  կառավարական ամառանոցում։  Սա է այսօրվա քաղաքականության մեծ ինտրիգը՝ ոնց եկել են այսօրվա իշխանիկները, այդպես էլ նրանց հակադարձում է ժողովուրդը, այդպես էլ, նույն բառերով, նույն ձևերով նրանց հակադարձում են իջևանցիները։

Հավանաբար դիտել եք իջևանցի  այն կնոջ  խոսքը, ով   լարված, զայրացած, վրդովված բղավում էր՝ «Կուռս կոտրվեր, չասեի՝  դըմբ-դըմբ, և սրան չբերեի իշխանության, հիմա Նիկոլը  փողոց փակելով՝ եկել-դարձել է վարչապետ, իսկ իմ  տղային գիշերով, իր երեխաների աչքի առաջ  ներքնաշորերով տնից դուրս հանեցին ու տարան»։ Եվ զավեշտը, գիտե՞ք, որն է, որ օրը ցերեկով այս ամբողջ  լարվածությունը տեսնողները  միաձայն պնդում են՝ արդար է, ճիշտ է, ինչ տեսել են, այն էլ սովորել են։ Անգամ գտնվեցին մարդիկ, իջևանցիներ, որ Փաշինյանին թուրք  կոչեցին, և սա է տխուրը։ Մարդկանց համբերությունն անսահման չէ, և  եթե ինչ-որ մեկը ցանկանա սրանում  ականջներ և թևեր փնտրել, ապա պիտի նայի ուղիղ կառավարության շենք, ուղիղ՝ վարչապետ Փաշինյանի ուղղությամբ, որովհետև  սա նրա «շկոլան» է, նա է  այսպես աղավաղել քաղաքականությունը, գործընթացների  տրամաբանությունը, և փողոց փակելով՝ ինքն է դարձել վարչապետ։ Իջևանյան դեպքերը  եկան ապացուցելու, որ  սրա ետևում հենց փաշինյանական ականջներն են։ Ամենևին  ցանկության չկա  գույները խտացնել, բայց, դատեք ինքներդ՝ մարդկանց ուրիշ ի՞նչ էր մնում, խնդիր ունեին,  ուզում էին՝ խնդիրը լուծվի, զուգահեռ  մտածենք՝ Փաշինյանը ևս խնդիր ուներ, ուզում էր վարչապետ դառնալ, և՝ ի՞նչ արեց, մարդկանց հանեց փողոց, փակեց փողոցները, նստեց ավտոբուսի և մեքենաների առաջ, պառկեց անիվների տակ,  մագլցեց փշալարերի վրա և   ահաբեկչական այս կարգի գործողություններով տվյալ օրվա իշխանություններին պարտադրեց հեռանալ։ Հիմա ստանում է իր իսկ  տված դասի պատասխանը՝ լավ սերտել են հպարտները Փաշինյանի  ապրիլյան թեզիսները և լիուլի վերադարձնում են։ Բումերանգը, այո, վերադառնում է։ Հավանաբար չեք մոռացել Նիկոլ Փաշինյանի հետևյալ  միտքը՝ այն պահին, երբ ժողովուրդը չուզի, կանգնի, ասի՝ գնա, ես կհեռանամ։ Հիշեցի՞ք, այո, շատ լավ  դաս է տվել, և եթե ժողովուդրը լոկալ, կամ՝ ավելի լայնածավալ,  որոշի օգտվել այդ դասից, Փաշինյանին ոչինչ չի կարող փրկել։  Կգա մի օր, երբ ինքն իր իսկ  վատ օրինակի, իր դասի ձեռքը կրակը կընկնի։

 

Իջևանյան դեպքերն իրականում լակմուսի այն թուղթն էին, որից Փաշինյանի մարմնով սարսուռ անցավ և  անմիջապես Իջևան՝ իր հայրենիք,  ոչ թե ինքը թռավ անձամբ, թեկուզ և՝  ուղղաթիռով գնար, այլ ուղարկեց ոստիկանապետին, ապա՝ նաև ԱԱԾ ղեկավարին։ Եվ եթե դուք կարծում եք՝ Փաշինյան Նիկոլն այնքան սրտացավ է երկրի և ժողովրդի անվտանգությամբ, որ    Վանեցյանին ու Օսիպյանին անձամբ գործուղեց   Իջևան, չարաչար սխալվում եք։  Փաշինյանն իր անձնական, իր սեփական մաշկի համար էր անհանգիստ և  այս  պաշտոնյաներին ուղարկեց, իր կարճ խելքով, նրա համար, որ «հակահեղափոխությունն իր իսկ որջում խեղդի»։ Այ, այսքան է նրա  սրտացավությունը ժողովրդի, հպարտների և երկրի հանդեպ, իրականում նա  դողում է իր աթոռի համար, վարչապետական կոստյումի համար, տիկին Աննայի հիմնադրամի փողերի համար,  իր «Զիլի» փողկապի համար։ Մինչդեռ, իջևանյան դեպքերի մասնակից քաղաքացիները  «հակահեղափոխականներ» չեն, սովորական մարդկային  և սահմանադրական իրենց իրավունքն  էին պահանջում՝ աշխատանք ունենալու իրավունք, և նրանց ուզածն ամենևին էլ  ապօրինություն չէր, հստակ էր՝ աշխատանք տվեք, աշխատենք, չե՞ք տալիս,  մենք մեր ձևով աշխատանք կգտնենք և մեր ընտանիքները կպահենք։ Սա էր մարդկանց ուզածը։ Մանավանդ՝ Փաշինյանը  վարչապետ դառնալուն պես խոստացել էր, չէ՞, որ  արագ և տեսանելի քայլեր կանի։

Մեկ տարի սպասելուց հետո հպարտների համբերությունը սպառվեց։

Իջևանի դեպքերը  վարչապետին  ակնհայտորեն շատ են անհանգստացրել, նրա մտքով չի էլ անցել, որ հենց իր համերկրացիները /զեմլյակները/ իր դեմ դուրս կգան, և՝ իր իսկ զենքով։ Մեծ թվով մարդկանց ձերբակալեցին ոչ թե, որ նրանք ինչ-որ  ահասարսուռ հանցանք էին կատարել,  ձերբակալեցին զուտ նրա համար, որ  սերմանեն վախի մթնոլորտ, որ մարդկանց ներսից սաստեն, փորձեն զսպել։ Եվ հիմա, որքան էլ մարզպետը  բոլոր իշխանական թիվիներով խոսի, նրան լսողներն այլևս նրան  չեն հավատում, որովհետև  մարդիկ իրենց աչքով  մեկ տարի շարունակ տեսնում և իրենց մաշկի վրա են զգում՝ Փաշինյանը  վերցրել է իշխանությունը և այն ծառայեցնում է բացառապես իր, իր ընտանիքի, իր մերձավորների շահերին, նա ոչ անտառի մասին է  մտահոգ, ոչ իջևանցիների, և ոչ էլ՝ հպարտների։ Հիմա Փաշինյանի համար երկրի միակ հպարտն ինքն է և իր  ընտանիքը, մյուսներին նա  օգտագործում է իր նեղ անձնական շահի համար։  Եթե այդպես  չլիներ, նա  իջևանյան օրերին ոտքով  ճամփա կընկներ, կգնար իր հարազատ  վայրեր և մարդկանց հետ կխոսեր անձամբ, և ոչ թե՝ կառավարության նիստում ցինիկաբար կհայտարարեր, թե՝ 36 հոգու պիտի ձերբակալեին, բա մնացածն ո՞ւր են, կարող ա՝ երկրից դուրս են եկել։

Բոլորը տեսան, որ «մեր ոստիկաններին» Փաշինյանը դարձրեց կենդանի վահան, և առաջին անգամ զայրացած  քաղաքացիները ոստիկանների վրա  ձեռք բարձրացրին, այ, այդքան մեծ է ցասումը, նույն ձեռագիրն է, ինչպես և ինքը՝ Նիկոլն էր  վարվում մարտի  մեկին, ասում էր՝ հոգին փառավորվում է, երբ ոստիկանների են վնասում։

Թե հիմա ի՞նչ է կատարվում Նիկոլի հոգում,  արդեն ակնհայտ է, անթաքույց՝ Նիկոլ Փաշինյանը վախենում է, և իջևանյան դեպքերը նրա վախերի լակմուսի թուղթն էին…

Ժողովրդի լեզվով ասած՝ երկու ահը մեկ մահ է…

ԼԵՎՈՆ ԱՎԱԳՅԱՆ, գրում է blog.168.am: