Մեր մարտունակության բարձրացումը լավագույն երաշխիքն է խաղաղությունը պահպանելու համար

Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ վերջին 1-1,5 տարվա ընթացքում, չհաշվված որոշակի կարճաժամկետ սրացումները, որոնք չի կարելի դասական համարել, առաջնագծում ունենք կայուն իրավիճակ

 Հուլիսի 22-ին «Ղարաբաղյան հակամարտություն. Վերջին միտումներ» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ վերջին 1-1,5 տարվա ընթացքում, չհաշվված որոշակի կարճաժամկետ սրացումները, որոնք չի կարելի դասական համարել, առաջնագծում ունենք կայուն իրավիճակը:

Հովհաննիսյանի խոսքերով, հիմա համեմատաբար հանգիստ երկարաժամկետ փուլ է, ինչը թույլ է տալիս զբաղվել մարտական պատրաստվածությամբ. «Չնայած դրան, մենք տեսնում ենք ադրբեջանական զինված ուժերի միայնակ, կամ թուրքական ուժերի հետ համատեղ զորավարժությունների ինտենսիվացում, կամ դրա ներկայացում: Այսինքն, ունենք համեմատաբար հանգիստ իրավիճակ, բայց ունենք նաև շարունակական պրոցես՝ պատրաստվել կոնկրետ մարտական գործողությունների»:

ՊՆ խոսնակն արձանագրեց նաև հռետորաբանության փոփոխություն ադրբեջանական կողմից:

Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանի և Արցախի զինված ուժեր ձեռքները ծալած չեն նստում, դա վերաբերում է նաև սպառազինության ձեռքբերմանը. «Մենք դեռ ամիսներ առաջ հայտարարել էինք բավականին ծավալային զենք զինամթերքի ձեռքբերման մասին: Երեկ Պաշտպանության նախարարն ասաց, որ մենք անակնկալներ կունենանք սպառազինության մասով, դա շարունակական է: Մեր մարտունակության բարձրացումը լավագույն երաշխիքն է խաղաղությունը պահպանելու համար»: