Պադավատի՞զմ. Կառավարությունն «օգտվեց» Արսեն Թորոսյանի բացակայությունից եւ առանց փոփոխության անցկացրեց նախագիծը

Նախորդ նիստին բանավեճ էր տեղի ունեցել Արսեն Թորոսյանի եւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդւոարդ Աղաջանյանի միջեւ

Հայաստանի Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 18-ի նիստում ընդունել ծառայողական մեքենաների վերաբերյալ որոշումը, որը նախորդ նիստի օրակարգից հանվել էր, քանի որ առարկություններով հանդես էր եկել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախորդ նիստին բանավեճ էր տեղի ունեցել Արսեն Թորոսյանի եւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդւոարդ Աղաջանյանի միջեւ:

Այդ օրինագծով առաջարկվում է 7 ավտոմեքենա կցել առողջապահական տեսչական մարմնին, իսկ մյուս որոշմամբ 73 ավտոմեքենա ամրագրվում է բոլոր տեսչական մարմիններին:

Հատկանշական է, որ նախագիծը կառավարության այսօրվա նիստ մտել է առանց փոփոխությունների: Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ լրացուցիչ քննարկում է եղել և իրենք ստացել են Առողջապահության նախարարության կարծիքը: Աղաջանյանը ներկայացրեց ԱՆ-ի դիտարկումները և բացատրություններ տրամադրեց:

«Ես ճիշտ հասկացա, որ Թորոսյանի բարձրացրած հարցերը ստացել են պատասխաններ և կա համաձայնություն»,-հարցրեց վարչապետը՝ ստանալով դրական պատասխան:

Հատկանշական է, որ Արսեն Թորոսյանն այսօրվա նիստին չէր մասնակցում, քանի որ արձակուրդում է:

Հիշեցնենք, որ նախորդ նիստում Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ ճիշտ չէ ամեն մի վարչությանը մեկ ծառայողական մեքենա հատկացնել, ինչը նշանակում է, որ դրանք որպես կանոն վարչության պետերին են հասնում, որոնք չպետք է ունենան մեքենաներ, այլ պետք է լինի հերթապահ մեքենա, որը կօգտագործի ցանկացած աշխատակից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանել էր Արսեն Թորոսյանի տեսակետը՝ նշելով. «Կարելի է մեքենաներն ամրագրել տեսչությանը, ոչ թե վարչություններին: Ինչու ենք ամրագրում վարչություններին, որ գնում դառնում է վարչության պետի ծառայողական մեքենա: Խոսքը տեսչական մարմնի ներսում գտնվողն վարչությունների մասին է, ինչու ենք նրանց մեքենա կցում»: Հենց այդ հիմքով էլ հարցը հանվել էր օրակարգից:

Այս թեմայի առնչությամբ Facebook-ում գրառում էր արել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը, ով դեմ էր արտահայտվել «պադավատիզմին», գրում է news.am: