«Արտույտները» ավելի հազվադեպ են հիվանդանում կրծքագեղձի քաղցկեղով

Գիտնականները կապ են հայտնաբերել քրոնոտիպի եւ կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականության միջեւ

«Արտույտների» շրջանում կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը ավելի փոքր է, քան «բուերի» շրջանում: Այս մասին նշված է British Medical Journal-ում հրապարակված նոր հետազոտության մեջ:

Պրոֆեսոր Քերոլայն Ռելթոնի ղեկավարությամբ գիտնականները վերլուծել են բրիտանական Բիոբանկի (180 216 կին) եւ Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ասոցիացիայի կոնսորցիումի (228 951 կին) տվյալների բազայի կանանց մասին տվյալները: Նրանք մենդելեեւյան ռանդոմիզացիայի մեթոդով վերլուծել են գենետիկ տարբերակները՝ կապված քնի առանձնահատկությունների հետ՝ քրոնոտիպ («արտույտ» կամ «բու»), քնի տեւողություն եւ անքնություն:

Այսպես՝ գիտնականները կապ են հայտնաբերել քրոնոտիպի եւ կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականության միջեւ. «արտույտների» շրջանում 100 մարդու հաշվարկով այս հիվանդությունը մեկ դեպքով պակաս է, քան «բուերի» շրջանում: Ինչ վերաբերում է քնի տեւողության եւ անքնության խնդիրների հետ կապին, ապա ապացույցներն անբավարար էին: Մյուս կողմից՝ Կոնսորցիումի տվյալների մենդելեեւյան վերլուծությունը ցույց է տվել առավել տեւական քնի (7-8 ժամից ավելի) պոտենցիալ վնասակար ազդեցությունը կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականության վրա, գրում է med.news.am:

Մի շարք այլ հետազոտություններ նույնպես ցուցադրել են վաղ արթնանալու առավելությունները: Այսպես՝ «արտույտները» 35 տոկոսով ավելի հազվադեպ են դեպրեսիայով տառապում: Իսկ «բուրեը» ավելի շատ են հակված ճարպակալմանը, քան «արտույտները», եւ ժամկետից վաղ մահանալու ավելի մեծ հավանականություն ունեն: