Թուրքիայում խմորումներ են ընդդիմության և իշխանության միջև

Մանրամասներ
4

Թուրքիայում շարունակվում են խմորումներն ընդդիմադիրների և իշխանությունների միջև, որոնք սկսվել են մարտյան ՏԻՄ ընտրություններում ձայների 49 տոկոսով Էսենյուրթի քաղաքապետ ընտրված Ահմեդ Օզերի ձերբակալությունից։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։

Հիմնական նախաձեռնող կուսակցությունը գլխավոր ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցությունն» (CHP-ԺՀԿ) է, որի անդամ էր հանդիսանում նաև Օզերը։

Օզերի ձերբակալությունից և նրան Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) անդամ լինելու մեջ մեղադրելուց զատ, նրա փոխարեն իշխանությունները դրածո դրեցին քաղաքում, ինչը հանգեցրեց ցույցերի։

Այս համատեքստում թուրքական ընդդիմադիր մեդիան ընդգծում է Թուրքիայի ոստիկանության կողմից բիրտ ուժի կիրառումը և ակնհայտ կողմնակալությունը, ինչը նաև դրսևորվել է նոյեմբերի 7-ին՝ «ԺՀԿ»-ականների՝ Էսենյուրթի քաղաքապետարանի բակ մուտք գործելու խոչընդոտման համատեքստում։

Նշվել է նաև, որ խոչընդոտման գործողությունները հանգեցրել են կռվի՝ ԺՀԿ-ականների և ոստիկանության միջև։

Ստամբուլի «ԺՀԿ»-ական պատգամավոր Սուաթ Օզչաղդաշն էլ տեղի ունեցող իրադարձությունները նկարագրել է հետևյալ կերպ՝ դրանք համեմատելով 2016-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձի հետ։

«Քաղաքացիները դուրս են եկել անօրինական աշխատանք իրականացնող պետական ծառայողների դեմ, ճիշտ այնպես, ինչպես դուրս էին եկել հուլիսի 15-ին»։