«Ինչպես հայտնի է, օրեր առաջ վրաց-ռուսական հակամարտության նոր փուլը սկսվեց այն բանից հետո, երբ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը նախագահող ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը վեհաժողովը նախագահելու համար փորձեց նստել Վրաստանի Խորհրդարանի նախագահի աթոռին։
Այս իրադարձությունների ժամանակ այնտեղ էր գտնվում նաև հայկական խորհրդարանականների պատվիրակությունը, որը խառնաշփոթի ժամանակ լքեց նիստերի դահլիճը։
ՀՀ պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն Ազատություն TV-ի եթերում (տեսանյութում՝ 12-րդ րոպեից) խոսելով այդ իրադարձությունների պատճառների մասին՝ մասնավորապես նշել է, որ ինքը չի կարող կանխագուշակել, թե ինչ քայլեր կլինեն Ռուսաստանի կողմից, բայց կարող է միանշանակ ասել մի բան՝ առաջինը՝ այն, որ այդ ամենը, ինչ տեղի ունեցավ, միգուցե շատ հետաքրքիր և լավ կողմից կարելի է դիտարկել, բայց մի փոքր չի հասկանում այդ ամենի իմաստը, որովհետև արհեստականորեն այդ ամենը ստեղծվեց։
«Վրաստանը տարեկան մեկ միլիոնից ավելի տուրիստ է ընդունում, և ես ձեզ արդեն ասացի, որ այնտեղ բավականին շատ տուրիստներ կային նույնիսկ հիմա։ Կարող եմ ասել նաև, որ Վրաստանը միակողմանիորեն բացել է նաև Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը, այսինքն՝ վիզա չկա։ Նրանք իրենց տնտեսության մի մասը կառուցել են ռուսական տուրիզմի վրա, և ուղղակի Գավրիլովի գալով և այնտեղ նստեցնելով՝ մի թեմա հրահրվեց»,- ասաց ԱԺ փոխնախագահն ու հաջորդիվ հայտարարարեց՝ ուղղակիորեն ասելով, որ Ռուսաստանը զավթել է Աբխազիան ու Հարավային Օսիան:
«Այնպես չէ, որ նրանք չգիտեին, որ Աբխազիան զավթվել է իրենց ներկայությամբ, կամ Օսիան զավթվել է։ Արհեստականորեն քաղաքական օրակարգ ձևավորվեց, և ես չեմ կարծում, որ Վրաստանը սրանից շահեկան վիճակում դուրս կգա»,- Ազատություն TV-ի եթերում հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով ռուս-վրացական հակամարտության սրացման նոր փուլի մասին»։
168 ժամ
0Comments