Թեեւ իշխանությունները, մասնավորապես «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասում է, որ վեթթինգի նախագիծը պատրաստ է, սակայն այն չի կարող առանց փորձաքննության, միջազգային կարծիքի, ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի համաձայնության ընդունվել: Մեր տեղեկություններով, վերջերս Հայաստան ժամանած եվրոպական պատվիրակությունը ոչ պաշտոնապես, մասնավոր զրույցներում դժգոհություն է հայտնել` գտնելով, որ վեթթինգի եւ անցումային արդարադատության խնդիրը շատ նուրբ է` մասնավորապես առանց դատարանի վճռի գույքի բռնագանձման մասով:
«Պատրաստի» փաստաթուղթը դեռ ոչ ոք չի տեսել, սակայն դրան հաջորդեց Լիլիթ Մակունցի հաջորդ «հետաքրքիր» բարձրաձայնումը. Վահե Գրիգորյանի ընտրությունից հետո ՍԴ-ում մեծ փոփոխությունների հիմքեր են դրվելու, ի՞նչ եք կարծում` ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը՝ հարցրինք ԵԽԽՎ պատվիրակության նախկին ղեկավար Արփինե Հովհաննիսյանին։ «Դժվար է ասել` այդ փոփոխությունների հիմքերն ինչի վրա են աղերսելու. մարդիկ անժամկետ նշանակված են ՍԴ-ում, դա կարող է նշանակել, որ Վահե Գրիգորյանին ուղարկելով ՍԴ՝ իրենք դե ֆակտո, օրենքը դեռ չընդունած, սկսում են վեթթինգի պրոցես, ինչպես արդեն իսկ առկա ԲԴԽ-ի դեպքում է։
Նկատենք` իշխանության որոշ ներկայացուցիչներ կամ նրանց մերձ կանգնածներ պնդում են` Սահմանադրական դատարանն այս կազմով չի քննելու Քոչարյանի գործը։ Թույլ տվեք ես հարցնեմ՝ ի՞նչ նկատի ունեն իրենց սկսած գործընթացով` փակելու են Սահմանադրական դատարանը, Հրայր Թովմասյանին ասեն` գործի չգա՞ս. դա՞ է բարեփոխումների իրենց տարբերակը, թե՞ ինչ»: Թե ի՞նչ։ «Թե՞ այլ` էքստրաօրդինար տարբերակներ, որոնք կընտրեն էքստրաօրդինար իշխանությունները, բացի շրջափակումից կարող են ընտրել քրեական գործի սպառնալիքներ կամ ՍԴ դատավորներին ինչ-որ տարբերակով տուն ուղարկեն․ այդ մարդիկ նշանակված են, որոշները` 12, որոշները` ցմահ։ Իսկ Վահե Գրիգորյանի վերջին` իրեն ՍԴ նախագահ «նշանակելը» աբսուրդ, մառազմ, ցինիզմ է` հանցակազմի հստակ բաղկացուցիչներով»:
0Comments