Կենդանի բջիջներով 3D տպագրությունը նոր մակարդակ է բարձրանում

Հետաքրքիր է, որ սնուցող միջավայրը, որտեղ տեղի է ունենում բջիջների հասունացումը, կարելի է հեշտությամբ փոխել, եւ սնուցող լուծույթը առանց խնդրի անցնում է կապված գնդիկների հիմքից՝ հասնելով բջիջներին

Հյուսվածքների եւ օրգանների տպագրումը եռաչափ տպիչով վաղուց արդեն նորություն չէ. շատ մասնագետներ այժմ աշխատում են այս տեխնոլոգիայով եւ օգտագործում այն ամենատարբեր ոլորտներում։ Նման տպագրության համար միշտ օգտագործվում է հիմնակմախք քայքայվող նյութից, որի վրա հավաքվում են կենդանի բջիջները։

Հիմնակմախքի առկայությունն իսկ ստեղծում է որոշակի սահմանափակումներ եւ խնդիրներ, եւ հիմնակմախքն ինքն էլ կարող է թունավոր լինել։ Նոր տեխնոլոգիան, որն առաջարկել են University of Illinois at Chicago-ի մասնագետները, նախատեսում է հրաժարվել այդ հիմքից։

Ինչպես պատմում է Science Daily-ն, մասնագետներն առաջարկում են օգտագործել եռաչափ տպիչում «թանաք», որը բաղկացած է միայն ցողունային բջիջներից։ Այս գործընթացում կարեւոր դեր են խաղում հիդրոգելային գնդիկները, որոնցով լցված է լոգարանը, որտեղ տեղի է ունենում տպագրությունը։ Այդ գնդիկները սատարում են բջիջներին տպագրության ժամանակ՝ պահպանելով դրանց ձեւն ու չթողնելով տեղաշարժվել։ Հենց որ տպագրությունն ավարտվում է, միանում է ուլտրամանուշակագույն ճառագայթումը, որն ամրագրում է գնդիկները, ինչը թույլ է տալիս բջիջներին միավորվել եւ աճել՝ կայուն կառուցվածք ձեւավորելով։

Հետաքրքիր է, որ սնուցող միջավայրը, որտեղ տեղի է ունենում բջիջների հասունացումը, կարելի է հեշտությամբ փոխել, եւ սնուցող լուծույթը առանց խնդրի անցնում է կապված գնդիկների հիմքից՝ հասնելով բջիջներին։ Գնդիկները ըստ ցանկության հեռացվում են եւ հարմարվում, եթե պահանջվում է փոխել կառուցվածքը։

Այս տեխնոլոգիայի օգնությամբ գիտնականներն արդեն տպագրել են մկան ականջի կռճիկ։ Այն բազմաթիվ նոր հնարավորություններ է բացում՝ վերացնելով հիմնակմախքի պարտադիր օգտագործմամբ պայմանավորված սահմանափակումները։