Հայ մասնագետները աշխատում են Հայաստանում առաջին անօդաչու էլեկտրամոբիլի նախագծման վրա։ Ինչպես NEWS.am-ին հայտնեց YEA Engeneering-ի տեխնիկական տնօրեն Գուրգեն Մարդոյանը, ավտոմեքենայի նախատիպի վրա աշխատանքը ծրագրվում է ավարտել մինչեւ 2020թ․ ամառը։
Նրա խոսքերով, YEA Engeneering ընկերությունը մշակել է անօդաչու ավտոմեքենաների թեսթավորման վիրտուալ համակարգ։ Անօդաչու ավտոմեքենաների համակարգերի հետ աշխատանքի եւ փորձի ընթացքում էլ ծնվել է սեփական ավտոմեքենան նախագծելու գաղափարը։ «Դա ներքին նախագիծ է, ավտոմեքենան ինժեներական ավանի տարածքում կփոխադրի աշխատակիցներին եւ հյուրերին։ Ներկայում, անցկացվում են նախագծային աշխատանքներ։ Դա կլինի էլեկտրամոբիլ, որի տարողությունը կկազմի 6-8 մարդ։ Էլեկտրամոբիլը կունենա անօդաչու գործառույթներ, որոնք պարբերաբար կավելանան։ Այն հագեցած կլինի ինժեներական ավանին հարմարեցված նավիգացիոն համակարգով»,- հայտարարեց Մարդոյանը։ Տվյալ փուլում նախագծվում է էլեկտրամոբիլն ինքը, հետո դրան կմիանան ռադարներրը, լիդարները եւ տեսախցիկները, նախագծվել են կառավարման բլոկի ալգորիթմները։ Բոլոր բաղադրիչները կթեսթավորվեն լաբորատորային պայմաններում՝ ընկերության կողմից մշակված վիրտուալ թեսթավորման համակարգի օգնությամբ։
Այն հարցին, թե դիտարկվում է արդյոք հետագայում նախագծի վաճառքի կամ ինքնավար էլեկտրամոբիլների զանգվածային արտադրության հնարավորությունը, նա պատասխանեց, որ սկզբի համար անհրաժեշտ է ստեղծել նախատիպը, եւ միայն դրանից հետո կարելի կլինի դիտարկել հետագա հեռանկարները։ «Մենք դեռեւս ոչ մեկի հետ նման հարցեր չենք քննարկել։ Տվյալ փուլում մենք միայն հետաքրքրվում ենք ավտոմեքենայի արտադրության համար անհրաժեշտ ֆինանսավորման մակարդակով, փորձում ենք հասկանալ, թե ինչը կարող է արտադրվել Հայաստանում, իսկ ինչը նրա սահմաններից դուրս։ Սակայն քանի դեռ նախատիպը չկա, արտադրության մասին խոսելը վաղ է»,- ամփոփեց նա։
0Comments