Հողեր հանձնելու մասին խոսքը շրջանառության մեջ են գցում այդ մարդիկ, որոնք հենց իրենք են բանակցել դրա շուրջ

Ալեն Սիմոնյանն անդրադարձավ նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանը

Հայաստանում երբեւիցե չի եղել որեւիցե իշխանություն, որ ավելի հաշվետու է եղել ՀՀ քաղաքացիներին, քան այսօրվա իշխանությունները: Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ վարչապետը խոսել է դավադիր պատերազմի մասին. սա չունի՞ քաղաքական ենթատեքստ:

«Ինչ վերաբերում է դավադիր պատերազմին, վստահ եմ, որ բոլորը լավ գիտեն, թե ինչ է կատարվում, թե ինչպիսի մեխանիզմներ եւ միջոցներ են օգտագործվում, որպեսզի վարկաբեկեն այս կամ այն պաշտոնյային, այս կամ այն գործողությունը: Ինչ վերաբերում է գործողություններին, չի նշանակում, որ դանակները եւ տանկերը վերցնելու ենք գնանք մարդ սպանենք:

Եթե խոսքը դավադիր պատերազմի մասին է, մենք պետք է հասկանանք, որ այսօր քաղաքական դաշտում գործում են 2 խումբ մարդիկ: Կան մարդիկ, որոնք քաղաքական գործունեությամբ են զբաղվում, եւ իրենց քաղաքական ուժն են ներկայացնում, կան մարդիկ, որոնք վճարվում են, որպեսզի ընդդիմության տեսիլք ստեղծեն: Վճարվում են այն մարդկանց կողմից, որոնք այսօր անցնում են տարբեր քրեական գործերով կամ ամենայն հավանականությամբ կանցնեն ապագայում, որոնց անունները մենք շատ լավ գիտենք:

Ինչ վերաբերում է հողեր հանձնելուն, խոսքը գնացել է նրա մասին, որ այն մարդիկ, որոնք այսօր չգիտես, թե ինչու հողեր հանձնելու մասին խոսքը շրջանառության մեջ են գցում, այդ մարդիկ են հենց բանակցել, եւ այդ մարդկանց օրակարգում են եղել նման տարբերակները: Նման հարցեր հնչեցնելիս մենք պետք է զգույշ լինենք, եւ երբեւիցե օրակարգ  չմտցնենք այդ բանը: Հայաստանի այսօրվա իշխանության ներսում չկա ու նույնիսկ չի էլ քննարկվել, նույնիսկ բարձր որեւիցե մեկը չի ասել»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Նա կոչ արեց առանձնացնել քաղաքական կառույցները անհատներից եւ փոքրիկ կառույցներից, որոնք թե համացանցում, թե տարբեր լրատվամիջոցներում զբաղված են փողով իրենց դեմ հոդված գրելով. «Գիտեք, ինչու անուններ չեմ տալիս, որպեսզի իրենց չգովազդեմ: Հանրությունը մեզնից լավ գիտի իրենց: Այդ մարդկանց անունները տալու դեպքում՝ իրենց աշխատավարձը կբարձրանա»:

Ալեն Սիմոնյանն անդրադարձավ նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, որ իշխանությունը պետք է ոչ թե այնպիսի հայտարարություններ անի, որ հետո բոլորը գուշակեն կամ կասկածեն միմյանց, այլ կոնկրետ իրավապահներին հանձնարարեին, բացահայտել գործը. «Մարուքյանին կարող եմ պատասխանել, որ մենք ասում ենք եւ այն մարդկանց անուններ ենք տալիս, որոնք գտնում ենք այդ պահին ճիշտ: Քանի որ այլ պարագայում, եթե մենք որեւիցե անուն ենք հնչեցնում, դա լինում է ոչ թե քաղաքական գնահատական, այլ դա դառնում է կոնկրետ մեղադրանք, իսկ քաղաքական գործիչները իրավունք ունեն քաղաքական գնահատականներ տալ:

Մեզ, ֆուտբոլային լեզվով, կարելի է դեղին քարտ ցույց տալ մի կառույցի կողմից, որին հայ ժողովուրդն արդեն կարմիր քարտ է ցույց տվել: Կարելի է մեզ վիրավորել, կարելի է մեր անձնական կյանք մտնել, մենք չենք կարո՞ղ ասել, որ Հայաստանում գործում են մարդիկ, որոնք գործում են ոչ թե ի շահ Հայաստանի, ընդդիմության կամ քաղաքացիների շահի, այլ գործում են իրենց գրպանի շահի համար: Դա դավաճանություն է»:

Դիտարկմանը, որ դավադիր պատերազմի մասին հայտարարություններից կարող է օգտվել Ադրբեջանը, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Հայաստանի Հանրապետությունն ի տարբերություն Ադրբեջանի ազատ եւ ժողովրդավար երկիր է: Եվ Հայաստանում չքննվող հարց գոյություն չունի, եւ հարցերը բարձրացնելիս մենք հետապնդում ենք մի նպատակ, թույլ չտանք  նենց լինի, որ մեր զինվորը, իմ տղան, որ մի քանի տարի հետո բանակ է գնալու, կանգնած լինի սահմանին, եւ փամփուշտ չունենա: Իսկ ադրբեջանցիները սովոր են թաքցնել, դրանով իրենք իրենց խնդիրները երբեք չեն լուծում»: