Իրանն ու Ռուսաստանը պանթյուրքիզմի անմիջական թիրախներ են

«Եթե այդպես լինի, ապա Ռուսաստանի հաջորդ պատերազմը կլինի Կուլիկովյան դաշտում»,-նշել է Դավիթ Բաբայանը

Իրանն ու Ռուսաստանը պանթյուրքիզմի անմիջական թիրախներ են: Ակնհայտ է, որ եթե ադրբեջանա-թուրքական-ահաբեկչական դաշինքը հաջողության հասնի Ղարաբաղում, ապա  դա մահացու վտնագավոր կլինի Իրանի եւ Ռուսաստանի համար: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով՝ անխուսափելիորեն կսկսվեն ազգամիջյան կոնֆլիկտներ: Իրան եւ Ռուսաստան ներթափանցած ահաբեկիչները կփորձեն բախումներ հրահրել, խախտել երկրների տարածքային ամբողջականությունը: Հարավային Կովկասից ահաբեկչությունը կներթափանցի Հյուսիսային Կովկաս:

«Եթե այդպես լինի, ապա Ռուսաստանի հաջորդ պատերազմը կլինի Կուլիկովյան դաշտում»,-նշեց Դավիթ Բաբայանը:

Նրա տեղեկություններով՝ գրոհայինների թվում նկատվել են նույնիսկ ծայրահեղական ույգուրներ, որոնք, բնականաբար, կփորձեն վերադառնալ Սինձյան եւ այնտեղ ապակայունացնել իրավիճակը:

Ինչ վերաբերում է Իրանին, ապա գոնե նա չի տրվում էմոցիաներին եւ ունի մեծ դիվանագիտական փորձ: Ակնհայտ է, որ Իրանին փորձում են սադրանքի ենթարկել, օրինակ, իբր պատահական հրթիռային հարվածներով: «Սակայն Իրանն անպատասխան չի թողնի նման գործողությունները: Պատասխան կլինի: Շուտով կտեսնենք՝ ինչ քայլեր կձեռնարկի պաշտոնական Թեհրանը»,-եզրափակեց Դավիթ Բաբայանը: