Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը կկայանա Բաքվում, մայիսի 29-ին: Եզրափակիչ խաղում միմյանց դեմ կմրցեն Լոնդոնը ներկայացնող երկու ակումբները՝ «Արսենալ»-ը և «Չելսի»-ն: «Արսենալ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտնել էր, որ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու: Ակումբն այդ որոշումն ընդունել է հայազգի մարզիկի անվտանգությունը երաշխավորելու համար՝ հաշվի առնելով Ադրբեջանի մայրաքաղաքում Մխիթարյանի նկատմամբ ագրեսիվ վերաբերմունքի հավանականությունը:
Հայաստանի ԱԳՆ-ն մեկնաբանեց Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը Հենրիխ Մխիթարյանը չմասնակցության փաստը: Ադրբեջանն անդառնալիորեն բաց թողեց հնարավորությունը Եվրոպայի լիգայի եզրափակչի միջոցով կյանքի կոչելու սպորտը քաղաքականությունից տարանջատելու իր հանձնառությունը, ամերիկյան CNN-ին տված մեկնաբանության մեջ նշել է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով խնդրին, որ անբավարար անվտանգության երաշխիքների պատճառով «Արսենալ»-ի կազմում Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը, որը տեղի կունենա Բաքվում:
«Ադրբեջանական հասարակությունում և մամուլում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումների հանդեպ հանդուրժողականությունը և անվտանգության բացահայտ ռիսկերը անհնարին դարձրեցին «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` իր թիմի հետ Բաքու մեկնելը: Եվրոպայի լիգայի եզրափակիչը կարող էր լավ հնարավորություն լինել Ադրբեջանի համար՝ կյանքի կոչելու իր իսկ կողմից ստանձնած հանձնառությունը՝ տարանջատել սպորտը քաղաքականությունից, ինչպես նաև ի ցույց դնել հանդուրժողականության և ոչ խտրական վերաբերմունք ցուցաբերելու իր կարողությունը։ Այս հնարավորությունը անդառնալի կերպով բաց թողնվեց»,- նշել է Նաղդալյանը։
Ուշագրավ է, որ ադրբեջանական կողմը պնդում է, թե տրամադրել է բոլոր հնարավոր երաշխիքները, որպեսզի Մխիթարյանը մասնակցի Բաքվում կայանալիք եզրափակչին: Ադրբեջանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ազադ Ռահիմովը նույն CNN-ի հետ զրույցում անգամ հեգնել էր՝ ասելով. «Ի՞նչ հավելյալ երաշխիքներ են պետք: Ավելին քան երաշխի՞ք: Ավելի քան 100 տոկո՞սը: Մենք արել ենք հնարավոր ամեն բան: Ուրիշ ի՞նչ պետք է անեինք: Մասնավոր ինքնաթի՞ռ ուղարկեինք: Ուղեկցեինք F16 ռազմական կործանիչներով կամ ռազմանավերո՞վ»:
Երբ Լոնդոնի «Արսենալ»-ը պաշտոնապես հաստատեց, որ թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցելու Եվրոպայի լիգայի եզրափակիչ «Արսենալ»-«Չելսի» հանդիպմանը Բաքվում՝ ելնելով անվտանգության նկատառումներից, խաղը Բաքվում անցկացնելու որոշումն ավելի փոթորկեց երկրպագուների և բազմաթիվ սպորտային մեկնաբանների ու ֆուտբոլային վերլուծաբանների դժգոհությունը: Ֆուտբոլային վերլուծաբանների կողմից հնչել են անգամ հանդիպումը երկու ակումբների կողմից բոյկոտելու առաջարկներ:
Եվրոպայի սպորտային հանրությունը շարունակում է քննարկել Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքվում Եվրոպայի լիգայի եզրափակիչը բաց թողնելու որոշումը: Այս մասին ասվում է Փոլ Ֆիշերի՝ բրիտանական The Independent պարբերականում հրապարակված հոդվածում: Ֆիշերը հարց է ուղղում, թե արդյոք Արևմտյան Եվրոպան հասկանում է իր որոշման պատճառը, եթե հաշվի չառնենք, որ այն որևէ կերպ կապ ունի Հարավային Կովկասում լարվածության հետ:
Նա նշում է, որ հարցը նաև քննարկվում է բրիտանական խորհրդարանում: Հոդվածագիրը նշում է, որ թեև դա մտահոգության դատարկ արտահայտում է, սակայն լուրջ քաղաքական հարց է՝ թե ինչ կարելի է անել Եվրոպայի և Ասիայի միջև խաչմերուկում էթնիկ հակամարտությունների լուծման համար:
Հոդվածագրի կարծիքով՝ Մխիթարյանի շուրջ աղմուկը ցույց է տալիս, որ Եվրոպային նոր ազդակ է անհրաժեշտ՝ Բաքվի և Երևանի միջնորդական ջանքերի համար: «Կարճ ասած՝ Մխիթարյանի գործը պետք է բացառություն լինի այդ տարածաշրջանի նկատմամբ արևմտաեվրոապական քաղաքականության անտարբերության համար: Խաղաղ բանակցությունների նոր ինտենստիվությունը պետք է Եվրոպայի նպատակը դառնա»,- գրում է հոդվածի հեղինակը:
Ավելի վաղ, Բաքուն էր պաշտոնապես արձագանքել: Ադրբեջանի ԱԳՆ-ում կարծում են, որ Հայաստանն օգտագործում է «Արսենալի» խաղացող Հենրիխ Մխիթարյանին իր «սադրիչ նպատակների» համար: Նման հայտարարություն էր արել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան՝ ի պատասխան Հայաստանի ԱԳՆ հայտարարության: Աբդուլլաևան ընդգծել է, որ ադրբեջանական կողմը տեղեկատվություն է տրամադրել այն մասին, որ լիարժեք կապահովի բոլոր ֆուտբոլիստների, այդ թվում Հենրիխ Մխիթարյանի, և բոլոր երկրպագուների անվտանգությունը, որոնք կմասնակցեն մայիսի 29-ին Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակչին: «Ես անձամբ՝ որպես Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ, պատասխանելով դրա վերաբերյալ հարցին, բազմիցս հայտարարել եմ, որ Ադրբեջանը չի նույնականացնում սպորտը քաղաքականության հետ: Ադրբեջանն առաջին անգամ չէ, որ մասնակցում է կարևոր մարզական մրցույթների, իսկ մինչ այժմ երկրի մայրաքաղաքում անցկացված մարզական մրցումներին մասնակցել են այդ թվում հայկական ծագում ունեցող մարզիկներ»,- ասել է Աբդուլլաևան: Նրա խոսքով՝ Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը վկայում է այն մասին, որ փորձ է արվում «ներքաղաքական խնդիրների պատճառով սպորտը վերածել քաղաքականության գործիքի»: Ըստ Աբդուլլաևայի՝ այդ քայլը ցույց է տալիս, որ «Հայաստանը միտված չէ ժողովրդին պատրաստել խաղաղության» և «Արսենալի» հայ խաղացողին «օգտագործում է իր սադրիչ նպատակների համար»:
0Comments