«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին կառավարության պաշտոնական կայքը տեղեկություն տարածեց, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արարատի մարզի երկու փոխմարզպետ ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Մինչեւ իշխանության գալը վարչապետն ու թիմակիցներն անընդհատ քննադատում էին, որ տարծքային կառավարման մարմիններն իրենց չեն արդարացնում, եւ այնտեղ լուրջ ու խորքային անելիքներ կան, եւ հատկապես թիրախավորվում էին փոխմարզպետները՝ նշելով, որ նրանք, ըստ էության, ոչնչով չեն զբաղվում, եւ այդ հաստիքները պետք է վերացվեն:
Սակայն իշխանափոխությունից արդեն անցել է մեկ տարի, իսկ իշխանությունների կողմից այս ոլորտի հետ կապված կոնկրետ գործողություններ չեն արվել: Կատարված պաշտոնանկությունները բավականին հետաքրքրական են հատկապես այն առումով, որ Արարատի մարզպետն անընդհատ հայտնվում է ինչ-որ զավեշտալի ու անհասկանալի իրավիճակներում, բայց շարունակում է պաշտոնավարել:
Քանիցս խոսել ենք այն մասին, որ մարզպետներն այս իշխանությունների ամենաթույլ եւ ռիսկային կադրերն են: Կան տեղեկություններ, որ մարզպետարանների ղեկավար կազմերի փոփոխությունները շարունակություն են ունենալու, եւ այս ֆոնին հետաքրքրական է, թե ով է լինելու հաջորդը:
Չի բացառվում, որ մարզպետարաններում սկսված այս տոտալ փոփոխություններն անդրադառնան նաեւ Արագածոտնի մարզին, քանի որ մարզպետ Դավիթ Գեւորգյանի կողմից ռուսական դրոշը տրորելու տեսանյութի տարածումից հետո ՀՀ-ն խնդիր ունի ՌԴ-ին ցույց տալու, որ նա հատուկ չի նշանակվել մարզպետ. այդ տեսանյութերը նշանակումից որոշ ժամանակ անց են հայտնվել համացանցում, իսկ իշխանությունները կարող էին եւ նման ակցիայի մասնակցության մասին տեղյակ չլինել»:
0Comments