«Մենք կշարունակենք ուսումնասիրել, դիտարկել, թե ինչ ոլորտներում կա մեր աջակցության անհրաժեշտությունը»,- այս մասին այսօր ՀՀ-ում իր գործունեության ծրագրերի և ուղեգծերի մասին ելույթից առաջ լրագրողներին տված ճեպազրույցի ընթացքում ասաց ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ խոսելով ՀՀ-ում առկա այն ակնկալիքներից, որ ԱՄՆ-ը պետք է ընդլայնի ՀՀ-ին տրվող աջակցությունը, և անդրադառնալով հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը պատրաստվո՞ւմ է մեծացնել ՀՀ-ին տրվող աջակյցությունը, թե՞ դա կապված է երկրի արտաքին քաղաքական կողմնորոշման հետ։
Դեսպանն ասաց, որ ԱՄՆ-ը իր ամուր հանձնառությունն է հայտնել աջակցելու ՀՀ-ի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին և տնտեսական զարգացումներին։
Նա հիշեցրեց, որ 1992 թվականից սկսած ԱՄՆ-ը Հայաստանին տրամադրել է 2 միլիարդ դոլարի հասնող աջակցություն ՀՀ-ի անկախությանն և ինքնիշխանությանն աջակցելու նպատակով։
«Մենք պատրաստվում ենք շարունակել ներդրում կատարել Հայաստանում, և համաձայնագրերը, որ ստորագրվեցին հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության համատեքստում, ևս փաստում են դա։ Բացի 16 միլիոնի համաձայնագրերից, մենք նաև հայտարարեցինք ԱՄՆ ՄԶԳ-ի մեկ այլ նախաձեռնության մեկնարկի մասին։ 2-3 տարի տևողությամբ մի ծրագիր, որն իր իրականացման առաջին տարում կունենա 6 միլիոն բյուջե։ Մենք կշարունակենք ուսումնասիրել, դիտարկել, թե ինչ ոլորտներում մեր աջակցության անհրաժեշտությունը կա։ Կարծում եմ նաև, որ մենք ունենք առողջ աջակցության բյուջե և աշխատում ենք այստեղ մյուս դոնորների հետ համատեղ։ Մենք սերտորեն համագործակցում ենք այլ դոնորների հետ, որպեսզի այդ ռեսուրսներն արդյունավետ ծախսվեն, և ՀՀ-ում մարդիկ վստահ լինեն, որ այդ միջոցները ծառայում են իրենց նպատակին»,- ասաց դեսպան Թրեյսին։
0Comments