Սիդնեյի համալսարանի գիտնականները հակաթույն են ներկայացրել, որն արդյունավետ է մոլորակի ամենավտանգավոր արարածներից մեկի՝ Chironex fleckeri մեդուզայի թույնի դեմ, որը հանդիպում է հյուսիսային Ավստրալիայի եւ Ինդոնեզիայի ափերին:
Այս մեդուզաներն այրվածքներ են հասցնում, առաջացնում հյուսվածքների մեռուկացում, ցավ, սրտի կանգ եւ մի քանի րոպե անց մահ: Նրանց շոշափուկները ծածկված են խայթող բջիջներով, որոնք շատ հզոր թույն են պարունակում: Մեկ մեդուզայի մեջ պարունակվում է բավականաչափ թույն, որպեսզի ավելի քան 60 մարդու սպանի:
Գիտնականներն օգտագործել են գենոմի խմբագրման մեթոդը եւ հայտնաբերել մոլեկուլյար հակաթույն, որն արգելակում է մեդուզայի թույնով թունավորվելու դեպքում առաջացող ախտանշանների զարգացումը: Գլխավորն այն է, որ հակաթույնը մեդուզայի հետ շփման տեղում քսվի տեղի ունեցածից հետո 15 րոպեի ընթացքում:
Մասնագետները մարդկային բջիջներ են վերցրել եւ դրանց մեջ «անջատել» տարբեր գեներ, այնուհետեւ ավելացրել են մեդուզայի թույնը: Այս կերպ հաջողվել է գտնել գործուն համադրությունը, որի դեպքում բջիջները չէին մահանում:
Գիտնականների խոսքով՝ այս հայտնագործությունը թույլ կտա լիովին խուսափել մաշկի մեռուկացումից, սպիացումից եւ ցավային շոկից: Սակայն հայտնի չէ՝ այն կարո՞ղ է արդյոք փրկել սրտի կանգից:
Հակաթույնը հաջողությամբ փորձարկել են ոչ միայն մարդու բջիջների, այլ նաեւ մկների վրա: Հիմա գիտնականներն աշխատում են հակաթույն քսուքի վաճառքի տարբերակի ստեղծման ուղղությամբ:
0Comments