Փորձել են բուքմեյքերական ընկերության վճարային տերմինալը գողանալ

Ոստիկաններին հաջողվել է կանխել գողությունը. հանցագործները ավտոմեքենան թողնելով՝ դիմել են փախուստի

Ապրիլի 26-ին, ժամը 04.50-ի սահմաններում, ոստիկանության ՊՊԳՎ Վաղարշապատի պահպանության բաժնի ծառայողները ծառայության ընթացքում նկատել են, որ Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում գտնվող բուքմեյքերական ընկերության վճարային տերմինալը փորձում են գողանալ:

Ոստիկանությունից  հայտնում են, որ ոստիկաններին հաջողվել է կանխել գողությունը. հանցագործները ավտոմեքենան թողնելով՝ դիմել են փախուստի:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի եւ ՊՊԳՎ Վաղարշապատի պահպանության բաժնի ծառայողների որոնողական աշխատանքների արդյունքում դեպքի վայրի հարակից տարածքից, գողության փորձ կատարելու կասկածանքով, բաժին բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Աշոտ Խ.-ն, որը հայտարարել է, որ գողության փորձը կատարել է ինքը՝ իր «Օպել» մակնիշի, առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենայով:

Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Աշոտ Խ.-ի հետ միասին գողության փորձը կատարել է 1992 թ. ծնված Գեղամ Մ.-ն, որը ժամը 13.00-ին բերման է ենթարկվել եւ տվել խոստովանական ցուցմունք:

Դեպքի հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր: