Սիրված ու աշխարհահռչակ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ծաղիկներ խոնարհելուց հետո լրագրողների հետ զրույցում պատմեց իր մոտ պատմությունը։
Ասաց, մայրը մի քանի ամսական էր, երբ ողբերգական դեպքերի հետևանքով հայտնվել է որբանոցում, ճանապարհին կորցրել է քրոջը։
«Հայրը... Մարաշում մարագի մեջ այլ տղամարդկանց հետ այրել են թուրքերը։ Մայրս հայտնվել է որբանոցում։ Նրա եղբայրն է փրկվել։ Մայրը հասել է Հալեպ, այնտեղ մահացել։ Հայրս նույն ճանապարհն է անցել։ Սա մեր ընտանիքի փաստագրությունն է»,-պատմեց մաեստրոն։
Հիշում է, Երևանի Լենինգրադյան փողոցի շենքերից մեկում ապրելու ընթացքում, որը շատ մոտ է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին, մայրը հաճախ էր թոռներից մեկի հետ, վարդերի փունջը ձեռքին գալիս այնտեղ։
«Կարծես, Ծիծեռնակաբերդն իր ծնողների գերեզմանը լիներ, գալիս էր այստեղ նրանց հիշատակը հարգելու։ Ես շարունակում եմ նույնը»,-ասաց Մանսուրյանը։
Ծնողները որպես պատգամ նրան փոխանցել են ոգու առողջություն, ոգու, կամքի աստվածատուր ուժ և դիմադրելու կարողություն։
«Պետք է դիմադրել, մինչև մի օր թուրք բառը մեզ համար ածական բառ լինելուց դառնա գոյական։ Մենք պետք է դառնանք հզոր պետություն և ուժ, ոչ միայն ֆիզիկական ուժն ի նկատի ունեմ, այլև կարողության, մարդկային հարաբերությունների, ինտելեկտի, բարության, եկեղեցու հավաքական գիտակցման, անցյալի մեր սրբությանն ու արժեքներին, հայոց լեզվին հավատարմության ուժը»,-ընդգծեց նա՝ ավելացնելով, որ ամեն պահ ապրում է այս զգացումով։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչ է փոխվել իր համար հեղափոխությունից հետո մեկ տարի անց։
«Գիտեք այսօր առավոտյան Հ1-ով լսում էի իմ «Ռեքվիեմը»: Այդ ձայնագրությունը քանի տարի է՝ կա, իսկ ինչո՞ւ չէր հնչում։ Զարմանում եմ և դա բացատրում նրանով, որ բան է փոխվել։ Ես չեմ ասում, որ դժվարություններ եմ ունեցել, նվաստացած եմ եղել։ Բնավ ոչ։ Բայց դա ահավասիկ փոքրիկ բան է, որն ինձ մտածելու տեղիք է տալիս»,- ասաց կոմպոզիտորը։
Սա մեր ընտանիքի փաստագրությունն է
Պետք է դիմադրել, մինչև մի օր թուրք բառը մեզ համար ածական բառ լինելուց դառնա գոյական
0Comments