Դավիթ Սանասարյանն ընկերս է, իրար հետ այդքան քայլել ենք, բայց սա իրավապահների որոշելիք հարցն է

Ես ՀՀԿ-ին խորհուրդ կտամ այդ էջը փակի և գնա պատմության գիրկը

«Դավիթ Սանասարյանն իմ ընկերն է, իրար հետ այդքան քայլեր ենք, բայց հարցը իրավապահ մարմինների որոշելիքն է, չեմ ուզում առաջ ընկնել»,- այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով Դավիթ Սանասարյանի դեմ հարուցված քրեական գործին։

Հարցին՝ «Նոր Հայաստանում» հնարավո՞ր է գործ «կարել», ինչպես հայտարարարել են Դավիթ Սանասարյանի պաշտպանները, Սասուն Միքայելյանը պատասխանեց, որ «կարված» գործերը «Նոր Հայաստանում» պետք է քանդվեն.

«Չի կարող նման բան լինել, կապացուցվի, եթե Դավիթ Սանսարյանն արդար է՝ կարդարացվի, ոչ մի բան չի կարող լինել։ 20-25 տարի է՝ կոռուպցիան մեր վերին ատյաններում կա։ Այն ժամանակ համակարգում այնպիսի դրվածք է դրվել, որ առանց կոռուպցիայի՝ շարժ չէր արվում, բնական է, որ այդ մնացորդները դեռ կան, և կամաց-կամաց պետք է հարթվի»:

Լրագրողները Սասուն Միքայելյանից նաև հետաքրքրվեցին, թե ՀՀԿ-ն քաղաքականություն վերադառնալու շանսեր ունի՞, քանի որ վերջերս կուսակցությունը համալրել է իր շարքերը երիտասարդներով, որոնց ողջունել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ես ՀՀԿ-ին խորհուրդ կտամ այդ էջը փակի և գնա պատմության գիրկը՝ իր արած սխալներով, թերություններով, բռնություններով, կոռուպցիայով ու ամեն ինչով հանդերձ: Գա՝ ի՞նչ անի»,- ասաց նա։