ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը կարևորեց «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագիծը: Նա ասաց՝ ցանկալի կլիներ, որ ժամկետներ նշվեին:
«Ես կասկած չունեմ կառավարության կամքի վրա` սա իրականացնելու, բայց կուզեի իմանալ՝ ինչքա՞ն ժամանակում է սա իրականացվելու»,- հետաքրքրվեց նա:
Թանդիլյանը նշեց՝ գրված է, որ 3 տարվա ընթացքում պետք է դիմեն, կարող է՝ 1 տարում դիմեն, սակայն անհրաժեշտ է որոշել ձևը, չափը: Նա ընդգծեց՝ կառավարությունը կարող է որոշել կարգը, բայց արդյո՞ք ձև, չափ, ժամկետներ պետք չէ սահմանել:
Հարցի հիմնական զեկուցող, ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը տեղեկացրեց, որ կառավարության որոշումը կընդունվի օրենքի` ուժի մեջ մտնելուց երեքամսյա ժամկետում:
«Այս երեքամսյա ժամկետն էլ չի պահպանվի, շատ ավելի շուտ կընդունվի: Վաղն արդեն կառավարությունում մասնակցելու եմ քննարկման, որ հասկանանք՝ աջակցության ձևը, չափը, տրամադրման կարգը: Աջակցությունը կարող է լինել ոչ միայն ֆինանսական, մարդիկ ունեն առողջական, հոգեբանական խնդիրներ, գուցե կարիք լինի նման աջակցություն տրամադրելու»,- ասաց նա:Նազարյանը հայտնեց՝ իրենք որոշեցին օրենք ունենալ, որ կառավարության համար ժամկետ սահմանեն:
0Comments