Եվրոպայում տարածված «Street Art»-ը՝ «փողոցի արվեստը», երբ դիտարկում ենք հայկական իրականության մեջ, ավելի շատ վերածվում է «փողոցային» արվեստի, քան ինքնարտահայտման «ընդունված» ձեւի: «Ինքնատիպ ստեղծագործ» եվրոպացին կարող է յուրահատուկ ծրագիր մտածել, մշակել եւ այդ եկամտաբեր «գործը», որն Արեւմուտքում «բիզնես» է կոչվում, դառնում է բուն աշխատանք, շատ դեպքերում էլ՝ ստեղծագործական գործունեություն։ Ի՞նչն է ի վերջո պատճառը, որ քաղաքակիրթ երկրներում դա համարվում է եկամտաբեր բիզնես, իսկ մեր իրականության մեջ, մեղմ ասած՝ այն «փող հավաքելու» միտում ունի, քան կարող է որակվել որպես «ստեղծագործական» աշխատանք, որը ազատ շուկայական տնտեսություն դավանող դեմոկրատական երկրներում իր պահանջը կամ պահանջարկն է դնում, իսկ ամեն կարգի կատարողներն անմիջապես հայտնվում են դաշտում։ Եթե արեւմտյան շուկան իսկապես ազատ, մեծ եւ իրականում անվերջանալի շուկա է (օրինակ, Մյունխենը օրական ունի մինչեւ 3 մլն զբոսաշրջիկ, Փարիզը՝ շուրջ 10 միլիոն), ապա հայկական «շուկան» չափազանց փոքր է «ազատ» կոչվելու համար եւ «ազատ գործունեություն» ծավալողները մեր փոքրաթիվ լինելու պատճառով դատապարտված են անընդհատ նույն մարդուն տեսնելուն, նույն «երգը» լսելուն եւ նույնին դրամ «վճարելու», «փողոց արտ»-ի ամենախղճուկ տարբերակին՝ «գործազուրկ խեղճերի» խղճուկ «շնորհքին», որն ավելի շուտ կարեկցանքի զգացում է առաջացնում, քան մարդու արվեստը գնահատելու իրական ցանկություն, ստացած հաճույքի դիմաց վճար կատարելու «պարտականություն»։ 1990-ականներին, երբ մեր երկիրը անկախության եւ ազատության ուղին բռնեց, «փողոցի արվեստը» արագ իր դրսեւորումը գտավ շուկաներում ու հրապարակներում, բայց այդպես էլ այն մնաց փողոցային արվեստի աստիճանի եւ չվերաճեց աշխարհում ընդունված «Street Art» զուտ աշխատանքային որակի։ Փողոցում աշխատող եվրոպացի արտիստին, եթե անգամ աշխատանքի համար բեմ հրավիրեն, դա իրեն ամենեւին պետք չէ, իսկ մեր փողոցների արտիստներին բեմ կանչելու մասին դժվար է մտածել, թեեւ փողոցներում շատ մարդիկ կան, ովքեր գրեթե երբեք համերգային դահլիճ չեն այցելել եւ գնահատում են նրանց, համարելով, որ «դա էլ իր գործն է»։ Այդ ոլորտում էլ կան «գաստրոլյորներ», ովքեր երկրից երկիր են անցնում եւ այնքան ժամանակ են մնում այդ երկրում, որքան կարողանում են փող կորզել։ Օրինակ, Վերնիսաժում բավականին ժամանակ է, որ աշխատում է լատինամերիկյան հնդկացիների փոքրիկ խումբ, սիրով են աշխատում եւ իրենց խոսքերով՝ դժգոհ չեն վաստակած գումարից: Կան այնպիսի «գաստրոլյորներ» էլ, որոնք գումարի համար չեն աշխատում, օրինակ, շուրջ մեկ շաբաթ է՝ Երեւանի Հյուսիսային պողոտայում դաշնամուրով իր արվեստն է ներկայացնում ազգությամբ հրեա Սեմյոն Ռաբաեւը:
Նա հաստատեց, որ իր նպատակը գումար վաստակելը չէ, ավելին՝ նախ ժպտալով ասաց, թե Երեւանում է «հետախուզելու» նպատակով, հետո ավելացրեց. «Աշխարհում տարածված են երեք CD-ներս՝ «Ապագա երեխայի աղոթքը», «Սիրո մեղեդիներ», «Խոսակցություն երաժշտության ներքո», որոնք ինձ գումար են բերում»: Ասաց նաեւ, թե Իսրայելի եւ Ռուսաստանի քաղաքացի է եւ 7 տարի է, ինչ հանդես է գալիս ինչպես հայրենիքում, այնպես էլ Ռուսաստանի տարբեր քաղաքներում: Իսկ թե ինչու է հաջորդ «կանգառն» ընտրել Երեւանը, երաժիշտը նշեց, որ փոքր հասակում ծնողների հետ քանիցս եղել է Հայաստանում եւ քանի որ, իր խոսքերով՝ ծննդյան օրվանից մինչ այսօր տարբեր առիթներով իրեն ջերմությամբ շրջապատել ու աջակցել են հայեր, որոշել է «կանգառ անել» Երեւանում, ինչի համար չի ափսոսում:
Խնդրեցինք ներկայացնել իր արվեստը: «Հանգամանքների բերումով ծնվել եմ Դաղստանում, հետո ուսանել Պերմի ազգային բժշկական ակադեմիայում: Այսօրվա պես հիշում եմ Սպիտակի երկրաշարժը. այդ ժամանակ ծառայում էի խորհրդային բանակում՝ Դոնեցկում, դասակի ավագ էի: Նույն «պաշտոնում» էր նաեւ ամենամտերիմ ընկերս, կասեի եղբայրս՝ Արթուր Իգիթյանը: Երկրաշարժի լուրը լսելուն պես մանկան նման լաց էինք լինում, իսկ ղեկավարությունը թույլ չէր տալիս, որ Արթուրը գա Հայաստան: Մեծ աղմուկ բարձրացրի… Դրանից հետո նրան թույլատրեցին: Զորացրվելուց հետո ընկերոջս չեմ հանդիպել, չգիտեմ ինչու, վստահ եմ, որ «Առավոտում» հոդվածի տպագրվելուց հետո ընկերս կարձագանքի: Տեղեկացած եմ, որ ձեր օրաթերթն ու կայքը պահանջված են նաեւ արտասահմանում»,- պատմեց մեր զրուցակիցը: Ռեպլիկին՝ իսկ արվե՞ստը, մեր զրուցակիցն ասաց. «Արվեստս էլ ուղիղ կապ ունի հայերի հետ, իմ դեպքում՝ արտասահմանում բնակվող: Մինչ այն ներկայացնելը նշեմ, որ Ռուսաստանում զբաղվել եմ նաեւ բիզնեսով, Պերմում 2008թ. հիմնել էի «ԺÿՊÿ հպՎՈ» արտ կաֆեն, որտեղ տեղի ընկերներիս հորդորով, այդ թվում՝ հայազգի, հնչեցնում էի իմ երաժշտությունը, հետո իրականացրել եմ մեկ-երկու ֆլեշ-մոբ… Եվ որ ամենակարեւորն է՝ այցելուները հարցնում էին ո՞վ է այս դաշնակահարը, ո՞ւմ ստեղծագործություններն է նվագում… Իսկ իմ առաջին կոմպոզիցիան, որը իսկապես ճանաչում բերեց ինձ, դա «Խոսք առ Աստված» ստեղծագործությունս էր, որից հետո սկսվեց հրավերների տարափ, այդ թվում՝ երաժշտական բուհերից: Դասախոսություններով հանդես եմ եկել Սարատովում: Զարմանում էին, որ երաժշտական կրթությունս ոչ թե բարձրագույն է, այլ ընդամենը դպրոցի մակարդակի: Հարցնում եք, թե ինչպես եմ փող վաստակում, արդեն պատասխանել եմ, բայց հավելեմ, որ նաեւ փողոցում ելույթներիս ժամանակ վաճառվում են CD-ներս: Առանց չափազանցնելու ստացվել է այնպես, որ ինձ ձեռքից ձեռք են խլում, օրինակ՝ Պերմի սրտում գտնվող Kolizey Atrium-ի տնօրենի հրավերով քանիցս ելույթ եմ ունեցել այնտեղ, բայց, կրկնում եմ՝ միայն անվճար: Խնդրել եմ ընդամենը թույլ տալ CD-ներս վաճառել…: 2015-ին թողարկվեց «Խոսակցություն երաժշտության ներքո» CD-իս: Այնտեղ տեղ գտավ «Կախարդական Երուսաղեմ» կոմպոզիցիաս եւ այս երկի ձայնագրմանը ես մասնակցեցի իբրեւ դուդուկահար: Իսկ հայկական այդ հրաշք նվագարանը ժամանակին ինձ նվիրել էր ռոստովաբնակ վարպետ Գոռը… Ինտերնետում կարող եք դիտել իմ մասին պատմող վաղամեռիկ Աննա Յարկովայի ռեժիսուրայով «Հագեցված՝ երաժշտությամբ» ֆիլմը: Աննան ինձ «գտել» էր իր հայ ընկերոջ՝ Հրաչյայի միջոցով… Այսպես հայերով շրջապատված եմ եղել միշտ»:
Իսկ թե ինչպես սկսվեցին մեր զրուցակցի ելույթները Երեւանի Հյուսիային պողոտայում, Սեմյոն Ռաբաեւը նախ ասաց, թե աշխատում է «Լեռների շունչը» կոմպոզիցիայի վրա, որն ուզում է նկարահանել Արարատ լեռան վրա, հետո գրել բալետ՝ ըստ Րաֆֆու «Սամվել» վեպի (հավաստիացրեց, թե այն ռուսերեն ընթերցել է շնորհիվ իր մերձավորի՝ Գեւորգ Տեր-Մարտիրոսյանի), հետո էլ պատասխանեց. «Քայլում էի Թումանյան փողոցով, անտարբեր չէի կարող անցնել փողոցում դրված «Ուկրաինա» դաշնամուրի կողքով: Նստեցի ու սկսեցի նվագել: Ելույթիցս հետո ինձ հրավիրեցին սրճարան, այնտեղ ծանոթացա հրաշալի մի անձնավորության՝ մասնագիտությամբ ճարտարապետ Նաիրի Գրիգորյանի հետ: Նրա եւ փաստորեն իմ նոր ծանոթների՝ Սոս Սարգսյանի, Արթուր Մեհրաբյանի, Արման Այվազյանի ուժերով այդ դաշնամուրը հայտնվեց Հյուսիսային պողոտայում: Անկեղծ ասած՝ մի քանի օրից մեկնելու եմ ընտանիքիս մոտ, բայց անպայման ամռանը մի քանի ամսով կվերադառնամ ու կշարունակեմ գործունեությունս դարձյալ Հյուսիսային պողոտայում, այս անգամ արդեն բարձրակարգ գործիքով կգամ՝ Yamaha-ով: Շատ էի լսել, որ հայերդ արվեստասեր եւ արվեստաստեղծ ժողովուրդ եք, բայց, կներեք, այս աստիճան՝ չէի պատկերացնում: Մի բան էլ. տարբեր երկրներում եմ եղել, բայց առաջինը Երեւանում տեսա, որ փողոցում տեղադրված դաշնամուրը կարգավորի մասնագետը: Սա արդեն խոսում է արվեստի հանդեպ հայերիդ վերաբերմունքի մասին»:
0Comments