Եթե ինչ-որ շքերթներ, փուչիկներ լինեն, ապա դրանք ինձ կհիշեցնի Խորհրդային Միության տարիները

Գորգիսյանը՝ Քաղաքացու օրվա մասին

«Եթե կառավարությունը որոշել է, որ այդ օրը պետք է տոն լինի, ապա կարծում եմ, որ նորմալ է գումար հատկացնել դրան: Բայց կարծում եմ, որ էստեղ հենց քաղաքացիները պետք է առաջնային գնահատական տան, թե արդյոք իրենց առաջնային խնդիրները հենց դրանք են: Մենք հիմա շատ լուրջ խնդիրներ ունենք` սկսած ճանապարհաշինությունից, մանավանդ, որ հիմա զբոսաշրջության սեզոնն է սկսվում, և մեր ճանապարհները անմխիթար վիճակում են»,- Քաղաքացու օրվա տոնակատարություններն իրականացնելու համար կառավարության կողմից տրամադրված գումարի  մասին ասել է ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:

Պատգամավորը նշեց, որ քաղաքացին ամեն օր պետք է զգա, որ պետությունը իր կողքին կանգնած է ու իր հոգսերին հաղորդակից է: Գորգիսյանը հավելեց, որ քաղաքացիները պետք է որոշեն, բայց, այնուամենայնիվ, Քաղաքացու օր հռչակելու նախագծին ինքը դեմ է քվեարկել, քանի որ կարծում է` կառավարությունը ինքն իրեն գնահատական չպետք է տա:

«Քաղաքացու օր պետք է լինի ամեն օր և մենք բոլորս ամեն օր պետք է աշխատենք, որպեսզի քաղաքացիները իրենց պաշտպանված զգան»,- ասել է Գորգիսյանը:

Քաղաքացի օրը տոնելու վերաբերյալ ԼՀԿ պատգամավորը նշեց, որ չի պատկերացնում` ինչպես պետք է քաղաքացիներն այդ օրը տոնեն:

«Եթե ինչ որ շքերթներ, փուչիկներ պետք է լինեն, ապա դա ինձ լուրջ հիշեցնում է Խորհրդային Միության տարիները: Ես հստակ չեմ պատկերացնում` ինչ միջոցառումներ են նախատեսում»,- ասել է Գևորգ Գորգիսյանը: