Եգիպտոսում 4000 տարվա հնություն ունեցող պատկերազարդ դամբարան է հայտնաբերվել

Ենթադրվում է, որ դամբարանը պատկանել է Խուվի անունով մի պաշտոնյայի, ով հինգերորդ դինաստիայի (Ք.Ա. 25-24-րդ դդ.) ժամանակ ազնվական էր

Եգիպտոսի Հնությունների նախարարությունը հանրությանն է ներկայացրել լավ պահպանված մի դամբարան, որում առկա են արձանագրություններ և վառ գույներով որմնանկարներ: Այս մասին հայտնում է CNN-ը:

Ենթադրվում է, որ դամբարանը պատկանել է Խուվի անունով մի պաշտոնյայի, ով հինգերորդ դինաստիայի (Ք.Ա. 25-24-րդ դդ.) ժամանակ ազնվական էր: Դամբարանը Կահիրեից հարավ գտնվող դամբարանային Սաքարա համալիրի մի մասն է: Այն առանձնանում է իր յուրահատուկ դիզայնով:

Պեղումների խմբի ղեկավար Մոհամեդ Մուջահիդի խոսքով՝ դամբարանն ունի լատինական L տառի տեսք, սկսվում է ներքև իջնող փոքր միջանցքից, որը տանում է դեպի նախասրահ: Դրան հետևում է մեծ սրահը, որի պատերին նկարված են տարբեր ռելիեֆներ, ինչպես նաև սեղանի մոտ նստած Խուվին։

Հնությունների նախարարությունն իր Twitter-յան էջում հրապարակել է դամբարանը ներկայացնող տեսանյութ: