«Ընդդիմության երկար տարիների պահանջն է եղել, որ անվտանգության սեկտորը լինի խորհրդարանական վերահսկողության ներքո, այն է` լինի կառավարության կառուցվածքում: Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ասել է, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը դառնալու են նախարարություններ, սակայն այդ խոստումը կառավարությունը չի իրացրել»,- այս մասին ԱԺ միջանցքում լրագրողների հետ զրույցում ասել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Պատգամավորը նշեց, որ իրենք առաջարկությունների փաթեթ են ներկայացրել, որն իր մեջ ներառում է վերոնշյալն ու ինչպես նաև գյուղատնտեսության ու մշակույթի նախարարությունների պահպանումը, դրանց հետ մեկտեղ Սփյուռքի հարցերում փոխվարչապետի մակարդակով պաշտոն ունենալը: Այս առաջարկները հանձնաժողովի նիստի ժամանակ մերժվել են:
«Այս առաջարկի մերժման հետ կապված որևէ հոդաբաշխ խոսք կամ հիմնավորում չենք ստացել: Ամոթ է, նման ձևով անպատրաստ քաղաքական մեծամասնությունը չպիտի որևէ բան ներկայացնի»,- ասել է Մարուքյանը:
Մարուքյանը շեշտել է, որ իրենք չեն հանձնվում և ակտիվորեն զբաղվելու են իրենց առաջարկության լոբբինգով:
«Ժողովրդավարությունն էմոցիոնալ հասկացություն չէ»,- հավելել է Մարուքյանը:
0Comments